Պյոտր Սվիտալսկին ոգեվորված է. Շիրակում առաջ են գնում
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան Աշոցքում փետրվարի 3-4-ը կազմակերպել էին դահուկավազքի փառատոն Աշոցքի դահուկավազքի կենտրոնում։
Պրոֆեսիոնալ մարզիչների դահուկավազքի վարպետության դասեր, ձմեռային խաղեր ու մրցաշար՝ մանկական, տղամարդկանց 5 կմ և կանանց 2,5 կմ դահուկային մրցավազք՝ դասական ոճով: Փառատոնին ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
Փառատոնի ընթացքում իրենց դահուկային հմտությունները ցույց տվեցին շատերը, այդ թվում՝ նաև ԵՄ պատվիրակության ղեկավարը, ով նշվեց, որ Եվրամիության շնորհիվ Աշոցքը կվերածվի դահուկավազքի կենտրոնի, «Եվրոպական միությունն այս ծրագրի մեջ ներգրավված է երկու պատճառով։ Առաջին պատճառն այն է, որ Հայաստանում մենք ցանկանում ենք խրախուսել առողջ ապրելակերպը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության հետ միասին, և հուսով ենք, որ դահուկավազքը, ընտանիքների կարևոր ու անբաժանելի մասը կդառնա, իսկ երկրորդ պատճառն այն է, որ մենք ցանկանում ենք օժանդակել այս տարածաշրջանի զարգացմանը, հատկապես, Աշոցքի, Ամասիայի ու Արփիի»:
Շիրակի մարզպետը նշեց. «Շնորհակալություն ենք հայտում Եվրամիությունից՝ Շիրակն իրենց ուշադրության կենտրոնում պահելու համար: 2018 թվականին Եվրամիության ծրագրերը կնպաստեն մարզի զարգացմանը, այսինքն՝ Շիրակը դադարում է ընկալվել որպես մի մարզ, որն օգնության կարիք ունի, այլ դիտվում է որպես մի մարզ, որն ունի զարգացման մեծ ներուժ»:
Դահուկավազքի փառատոնին մասնակցում էր ՀՀ տարբեր մարզերի, նաեւ օտարերկրացի 70 քաղաքացի․ աչքի ընկած մասնակիցներին պարգևատրեց ԵՄ դեսպանը: