27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեղադրանք է առաջադրվել՝ Ամանորի գիշերը կատարված հանցագործությունը պարտակելու համար

Ամանորի գիշերը «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈւՎԿ Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ հանցագործությունը պարտակելու համար:

2018թ. հունվարի 1-ին «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈՒՎԿ Վանաձորի մասնաճյուղի կառավարչից ահազանգ էր ստացվել, որ գրասենյակից կատարվել է գողություն: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և տեղում պարզել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, Ամանորի գիշերը՝ 2018 թվականի լույս հունվարի 1-ին, մուտք է գործել գրասենյակ, բացել չհրկիզվող պահարանը և հափշտակել առկա կանխիկ գումարը և քաղաքացիների կողմից գրավադրված ոսկյա զարդերը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ,մեխանիզմը:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կատարված առանձնապես խոշոր չափերի   հափշտակությանն առնչություն է ունեցել վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարիչը, հստակեցվել նրա դերակատարության աստիճանը։ Նախնական քննության տվյալներով՝ գողության իրականացումը ծրագրվել է դեռևս  2017 թվականի օգոստոսին՝ կառավարչի նախաձեռնությամբ, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերել մեկ այլ քաղաքացու հետ, ով Երևանի բնակիչ է, իսկ գողությունը կատարվել է երկու փուլով։ Նախ՝ 2017թ. դեկտեմբերի 29-ի երեկոյան՝ մասնաճյուղի աշխատակիցների հեռանալուց հետո, կառավարիչն անջատել է թվային տեսագրության համակարգը և դրամապահոցից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերը և առկա առանձնապես խոշոր չափերի գումարը:

Ապա՝ պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի հունվարի 01-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, մյուս քաղաքացին, մասնաճյուղի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, ապօրինի մուտք է գործել գրասենյակ, անջատել անվտանգության համակարգը, իր մոտ գտնվող կրկնօրինակ բանալիով բացել դրամապահոցի դուռը, գաղտնի հափշտակել մնացած ոսկյա զարդերը և գումարը:

Քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են կառավարչի կողմից դեկտեմբերն 29-ին հափշտակված գումարը և ոսկյա զարդերը։ Քրեական գործով ձեռնարկված օբյեկտիվ քննությամբ պարզվել է, որ կառավարչի խնդրանքով դրանք իր տանն է թաքցրել Շիրակի մարզի 1981թ. ծնված բնակիչը։ Վերջինս կառավարչի խնդրանքով դեկտեմբերի 29-ին՝ ժամը 23-ի սահմաններում, հանդիպել է նրան և իմանալով կատարված հափշտակության մասին՝ գողոնը տեղափոխել է Ախուրյան և թաքցրել իր տանը, ինչը հայտնաբերվել և առգրավվել է հունվարի 4-ին։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Շիրակի մարզի 36-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև մասնաճյուղի կառավարչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Երևանի բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ