Ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկայի հետ:
Հանդիպմանը քննարկվել են JICA-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին ու ուղղություններին, ինչպես նաև համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնել գործակցությունը JICA-ի հետ և պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` փոխշահավետ ծրագրեր իրականացնելու և համագործակցության նոր ուղղություններ նախատեսելու համար: Նա ներկայացրել է նաև 2017 թ. Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները:
Շինիչի Կիտաոկան իր հերթին ընդգծել է, որ իրականացվող բոլոր ծրագրերը շարունակական բնույթ են կրելու: Անդրադառնալով 2017թ. Հայաստանում արձանագրված արդյունքներին և միտումներին՝ Շինիչի Կիտաոկան դրանք բավականին տպավորիչ է համարել:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի գյուղատնտեսության արդիականացման ուղղությամբ տեխնիկատնտեսական հաշվետվություն (feasibility study) իրականացնելու վերաբերյալ, որի նպատակն է լինելու ոլորտը համաշխարհային արժեքային շղթայի հետ կապելը, ինչը կնպաստի հայկական գյուղարտադրանքի արտահանման ուղիների դիվերսիֆիկացմանը:
Զրուցակիցները կարևորել են նաև Ճապոնիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը՝ հաշվի առնելով, որ առկա է զարգացման մեծ ներուժ: