27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

2019 թվականից նախատեսվում է կաթի մթերման գործընթացը կանոնակարգող նոր ծրագիր մեկնարկել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը,   Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը, «Լարի» պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը, այլ պատասխանատուներ: Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտի  ընթացիկ խնդիրները և նախանշել զարգացման հեռանկարները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ 2019 թվականին ԵՄ աջակցությամբ նախատեսում են կաթի մթերման գործընթացի կանոնակարգման նպատակով ծրագիր իրականացնել, որը ենթադրում է ի դեմս վերամշակողների մթերման միջանկյալ օղակի ձևավորում: Նախատեսվում է աջակցել վերամշակողներին մթերման կետերի կառուցման գործում, իսկ նրանք իրենց հերթին պետք է օգնեն գյուղացիներին. կերով ապահովեն, խորհրդատվություն տրամադրեն,  և  երաշխավորված կերպով մթերեն անհրաժեշտ որակով և քանակի արտադրանք:

«Մենք ցանկանում ենք լսել ձեր կարծիքը, որպեսզի հասկանանք, որքանով է ճիշտ ծրագրի գաղափարախոսությունը, քանի որ դուք եք ի վերջո դրա վերջնական սպառողը: Ի՞նչ մտքեր ունեք ոլորտի զարգացմանն ուղղված, որոնց իրականացման հարցում Գյուղատնտեսության նախարարությունը կարող է օգտակար լինել»,- նշել է նախարար Առաքելյանը` դիմելով հանդիպման մասնակիցներին:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ հանրապետությունում առկա են անհրաժեշտ քանակությամբ մթերման կետեր` կարևորելով անասնապահության ոլորտում առկա խնդիրների, մասնավորապես կաթի արտադրության քանակների ավելացման, ֆերմերային տնտեսությունների ստեղծման, նրանց  կրթության, կենդանիների ճիշտ պահվածքի և կերակրման, արոտավայրերի արդյունավետ օգտագործման, կովկասյան գորշ ցեղատեսակի վերականգնման  և այլ հարցեր: Առանձնահատուկ կարևորվել է կաթի որակի բարելավման  անհրաժեշտությունը:

«Արտադրողը պետք է սոցիալական պատասխանատվության զգացում ունենա ֆերմերի, գյուղացու հանդեպ, դուք առաջնահերթ պետք է շահագրգռված լինեք լավ որակի կաթ ձեռք բերելու հարցում, այդ իսկ պատճառով առաջարկում ենք համատեղ մշակել  լուծման մեխանիզմ, որում սակայն պետք է ունենաք ձեր  գործուն ներդրումը»,- իր խոսքում մասնավորապես նշել է գյուղատնտեսության նախարարը` կոչ անելով համագործակցել և ներկայացնել առաջարկներ, որոնք հիմք կհանդիսանան  ծրագրի մշակման համար:

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է նաև, որ նախարարությունը մտադիր է ընդլայնել  լիզինգի պետական աջակցության ծրագրով տրամադրվող ապրանքների շրջանակը` առաջարկելով վերամշակողներին ներկայացնել արտադրական գործընթացում իրենց անհրաժեշտ սարքավորումների և տեխնիկայի ցանկը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ