«Սասնա ծռեր» -ի դատավորը չի հեռանա
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը:
Արդեն հայտնել ենք, որ Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան՝ Արա Ղարագյոզյանը պահանջել է նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի հրաժարականը: Վերադառնալով խորհրդակցական սենյակից դատավորը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Դատավորը նկատեց, որ ինքնաբացարկի հիմքում դրված պատճառաբանությունը արդեն բացատրվել է (խոսքը հանրային պաշտպաններ ներգրավելու մասին է):
Մակյանը նշանակեց, որ ներկայացված հիմնավորումները չեն կարող ինքնաբացարկի հիմք ընդունելու համար: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: