27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չեմ կարծում, որ մենք պետք է առաջարկենք խառը կանաչի կամ սխտոր ուտել. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ որևէ երկրում որևէ իշխանություն չի կարող ուրախանալ գնաճով: «Այնպիսի տպավորություն թող չստեղծվի, որ մեր ուշքը գնում է, որ առանձին ապրանքներ թանկանում են, և մեր ժողովրդի սոցիալական վիճակը դրանից ավելի կարող է վատթարանալ»,-այսօր խորհրդարանում գնաճի վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց նա: Շարմազանովն ընդգծեց, որ գնաճն ունի մի քանի պատճառներ:

Դրանցից մեկը միջազգային շուկան է, և մեկ հարվածով հնարավոր չէ դրա ազդեցությունը չեզոքացնել: «Մենք խորհրդային կարգերում չենք ապրում, որ Բաղրամյան 26-ում որոշում կայացվի, որ կարտոֆիլի գինը 50 դրամով չթանկանա: Մենք ազատ շուկայական պայմաններում ենք ապրում, պարտավոր ենք դրանք ապահովել:

Իշխանությունը պետք է հնարավորինս բացասական պայմանները մեղմացնի»,-նկատեց նա:

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ նախագահի առաջարկով ծրագրվում է Կառավարությունում սուբիսիդավորել գյուղացիական տնտեսությունների համար դիզվառելիքի թանկացումը, ինչը լուծման մեխանիզմ է:

«Գնաճի դեմ կարելի է պայքարել մի քանի ձև՝ ներքին արտադրությունը զարգացնելով, սուբսիդավորելով, օգտվելով եղած այլընտրանքից»,-ասաց նա ու հավելեց, որ շատ է խոսվում ԵՏՄ-ի մասին, ինչին միանալը այլընտրանքային հնարավորություն է տալիս ավելի էժան ապրանքներ ստանալու: 

Դիմելով «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարել էր, թե իշխանություններն առաջարկում են խառը կանաչի, սխտոր կամ կարտոֆիլ ուտել՝ ասաց. «Ես չեմ կարծում, որ մենք պետք է առաջարկենք խառը կանաչի կամ սխտոր ուտել, մենք բոլորս պետք է այնպես անենք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իր ընտանիքն արժանապատիվ պահել: Դրա համար մենք պետք է կարողանանք ավելի տնտեսական աճ ապահովել, քան գնաճն է: Իսկ 2018 թ-ի բյուջեում արդեն ամեն ինչ գրված է: 

Եթե ցանկություններով նայենք, որևէ մեկն էլ չի ուզենա տուրքեր, հարկեր վճարել, բա որ դրանք չտանք, այդ անվտանգության ծախսերը, սուբսիդավորման գումարները, աշխատավարձերն ու թոշակները որտեղից են լինելու»:

Շարմազանովը նշեց, որ իշխանությունների խնդիրը պետք է լինի նաև արհեստական գների անկումը: Նա հիշեցրեց, որ մի շարք ապրանքների գներն էլ իջել են, հետևաբար միայն վատի մասին չէ, որ պետք է խոսել: «Արդարացի չէ այստեղ մեջբերել միայն խառը կանաչին, սխտորը, սոխը:

Մենք մի միասնություն ենք, յուրաքանչյուրիս ընտանիքի վրա էլ գնաճն ազդում է, պետք է կարողանանք բոլորով միասնական մեխանիզմներ առաջարկել մեր երկրի զարգացման համար»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ