Չենք հավաքվել թոզ փչելու. ԱԺ լսումներն աղմուկով մեկնարկեցին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ այսօր ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում մեկնարկել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները: Երբ ընթացակարգը ներկայացվեց, ըստ որի պետք է զեկույցով հանդես գար ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը, Ելք խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը ձայն խնդրեց և հետաքրքրվեց, թե հարցեր տալու իրավունք կլինի, թե ոչ: Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշեց, որ հարցեր բանախոսին նախատեսված չէ:
Փաշինյանին սա դուր չեկավ, նա հայտարարեց՝ այն, ինչ ներկայացնելու է ԱՎԾ պետը, բոլորն էլ «տառաճանաչ են», կարող են հրապարակումից կարդալ, իրենց հետաքրքրում է հարցերի պատասխանը՝ ուղղված ներկա պաշտոնյաներին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կոչ արեց կողմերին չբորբոքվել: «Խնդրում եմ հանգիստ, կրքեր պետք չի բորբոքել: Բարձրացված հարցերին կարող ենք անդրադառնալ, բայց երկխոսության չվերածել նիստը»,-ասաց նա: Փաշինյանը շարունակեց. «Ժողովուրդ ջան, ինչի՞ համար է մարդն այստեղ, որ չենք կարող հարց տալ»:
ԱԺ նախագահը պահանջեց չքննադատել նույնիսկ վարման ձևը: «Պետք է աշխատանքը իրականացնենք՝ հարգելով մեկս մյուսի տեսակետները, մոտեցումներն ու իրավունքները»,-ասաց նա: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, թե լսումները կարևորել են, քանի որ խորքային քննարկման հիմքեր պետք է ներկայացվեն: «Պետք է բաց քննարկման հնարավորություն լինի, ներկա բոլոր պաշտոնայներին խորքային հարցեր կարողանանք տալ:
Ինչո՞ւ պետք է վերապահումով լսումներ իրականացնենք»,-ասաց նա: Խնդրին միջամտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Խնդրում եմ վերդառանանք կառուցողական դաշտ, հավաքվել ենք երկխխոսելու, կարծիքներ ներկայացելու, և լսումներն էլ նրա համար են, որ հնարավորություն լինի հիմնական զեկուցողներին հարցեր տալ»,-ասաց նա և հստակեցրեց, որ Մնացականյանը ոչ թե զեկուցող է , այլ հաղորդում տվող է: «Չի լինելու մի հարց, որ մեր գործընկերներն անարձագանք են թողնելու՝ Շաբոյանից սկսած, մինչև ԿԲ նախագահ: Չենք հավաքել թոզ փչելու, հավաքվել ենք մասնագիտական բոլոր հարցերին պատասախանելու: Համապատասխան կառույցի ներկայացուցիչները դրա համար են այստեղ»,-ասաց նա:
«Թույլ տվեք սկսենք աշխատանքը»,-հորդորեց նիստը վարող ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը: