Կուրսանտի սպանության գործով դատը հետաձգվել է
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստն այսօր հետաձգվել է:
Դատարան չէին ներկայացել հարցաքննության հրավիրված վկաները: Նշենք, որ այս գործով ցուցմունք չի տվել երեք վկա` Սամվել Սերոբյանը, Արթուր Վահանյանը եւ Նորիկ Օհանջանյանը:
Սամվել Սերոբյանը Հայաստանում չէ, նա 2017թ. նոյեմբերին լքել է Հայաստանի տարածքը, իսկ Արթուր Վահանյանի բնակության հասցեն կա, բայց ծանուցումներ չեն ստացվում: Վկա Նորիկ Օհանջանյանն էլ անցած դատական նիստին տեղեկացրել էր, որ Արցախում քրեակատարողական հիմնարկում է աշխատում եւ չի կարող ներկայանալ դատարան` աշխատանքի բերումով:
Դատարանը որոշում էր կայացրել Սամվել Սերոբյանին կրկին ծանուցել, իսկ Արթուր Վահանյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել: Դատարանը Նորիկ Օհանջանյանի ներկայությունը դատարանում ապահովելու համար պետք է դիմեր նրա աշխատավայր:
Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: