27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սմբատ Գալոյանը ԱԱԾ-ի ներդրած լրտե՞սն է. նոր բացահայտումներ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը:

Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպաններ, փաստաբաններ Արայիկ Պապիկյանը եւ Տիգրան Հայրապետյանը միջնորդեցին կրկին հարցաքննել այս գործով ազատության մեջ գտնվող մեղադրյալ Սմբատ Գալոյանին:

Արայիկ Պապիկյանը միջնորդությունը հիմանավորելով նշեց. «2016 օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սմբատ Գալոյանը մոտեցել է մի շարք անձանց եւ առաջարկել իր ծառայություններն առ այն, որ ինքն ունի մոտ երեք հարյուր հոգանուց խումբ, որը պատրաստ է կատարել համապատասխան հրահանգներ: Այդ հանդիպումներից մեկը եղել է Ազատության հրապարակում՝ հավաքի ժամանակ: Պարզվում է՝ Գալոյանը գիտի, որ կան խմբեր, որոնք իբրեւ սպասում են Սեֆիլյանի հրահանգին՝ ինչ-ինչ գործողություններ կատարելու համար: Գալոյանը պետք է հարցաքննվի: Ի վերջո հասկանանք՝ ի՞նչ ծառայություն է պատրաստվել նա մատուցել մարդկանց»:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ նշեց, որ Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքում նշված է, թե Սեֆիլյանն ունեցել է 200-300 հոգանուց զինված խմբեր. «Մինչդեռ, փաստորեն, Սմբատ Գալոյանն այն վկան է, որի շուրջ ստեղծվել է Սեֆիլյանին առաջադրված արհեստական մեղադրանքը: Սմբատ Գալոյանն է խոսել գործով մյուս ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի հետ եւ ասել, թե հեռուստաաշտարակ է զավթվելու: Նա ԱԱԾ գործակալ է: Նա մոտեցել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, հրահրել, որ ունի խմբեր: ՀՀ իշխանությունները ՀՀ հերոս Սեֆիլյանի դեմ նման դավադրություն են կազմակերպել: Թող պատասխան տան, թե ինչու է Գալոյանը զանգեր ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարների հետ: Սա է իրականում տեղի ունեցել: Քննչական մարմինն անհեթեթ մեղադրանքով փորձել է սահմանափակել Ժիրայր Սեֆիլյանի գործունեությունը»:

Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը որոշեց միջնորդությունը մերժել: Հետո Տիգրան Հայրապետյանը միջնորդեց հարցաքննել ՀԽ մի շարք անդամների, այդ թվում՝ Ալեք Ենիգոմշյանին: «Նա տեղյակ է, որ Սեֆիլյանը չի նախատեսել կազմակերպել զանգվածային անկարգություններ: Նա կարող է դա հաստատել: Տեղյակ է, թե որտեղ պետք է օգտագործվեին դրոշակները, դեղին «կասկաները», խողովակները, որոնք հայտնաբերվել էին Սեֆիլյանի գրասենյակներից»,-հայտարարեց Հայրապետյանը:

Դատարանն այս միջնորդությունը եւս մերժեց: 

Նշենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ