Քաղաքացիներն անակնկալի են եկել. հանկարծակի ջրի պարտք է առաջացել
Henaran.am-ի խմբագրություն դիմած մի շարք քաղաքացիներ պնդում են՝ այս ամիս կոմունալ ծառայությունների համար վճարելիս ակնակնկալի են եկել: Քաղաքացիներից ոմանք հանկարծ իմացել են, որ «Վեոլիա ջուր» ընկերությանը պարտքեր ունեն: Ընդ որում, սպառողների խոսքերով՝ իրենք երբեք պարտք չեն կուտակել, պարտք չեն ունեցել: Նրանցից մեկի պարտքը եղել է օրինակ՝ 55 դրամ, մյուսինը՝ 1200 դրամ, երրորդինն՝ ավելի շատ, չորրորդինն՝ ավելի քիչ և այլն:
«Հայ փոստում» վճարում կատարած քաղաքացիներից Մանվել Գրիգորյանը մեզ փոխանցեց. «Վճարում կատարելու ժամանակ իմացա, որ պարտք ունեմ: Իհարկե, զարմացա, հարցրի, պոչտայում ասացին, որ չգիտեն՝ ոնց է պարտքն առաջացել, որտեղից է, որ ամսից: Իրանք պարտքեր ունեն, մեր հաշվին են փակում»,-դժգոհեց նա:
«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ նման իրավիճակ է առաջացել, խնդիրն այսպես բացատրեց. «Խնդիրը հաշվարկի մեթոդի մեջ է «Երևան ջուր «Վեոլիա ջուր» հարաբերակցությամբ, սպառողի գրպանի վրա չի ազդում, դա հաշվարկի եղանակի հետ կապված խնդիր է: Կարող են երկու տեղով էլ վճարել գումարը, հիմա ճշգրտվում է հարաբերությունը:
Բայց երաշխավորում ենք՝ քաղաքացիները չեն տուժի, կարող են դիմել կոնկրետ դեպքով, պարզաբանում կտրվի»:
Մուրադ Սարգսյանը նաև նշեց, որ ավելի լայն պարզաբանում կտարածեն մամուլի հաղորդագրությամբ, որպեսզի սխալ կարծիք չձևավորվի: