«Խինդով լեցուն աչքեր ունեք…». «Սասնա ծռեր»-ի անդամը` դատավորին
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Կարո Եղնուկյանի և «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատաքննությունը:
Արդեն հայտնել ենք, որ այսօրվա նիստում նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում կայացրեց`գործում ներգրավել հանրային պաշտպաններ` Անուշ Մխիթարյանն ու Լուսինե Ասլանյանը:
Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա հորդորեց դատավորին` պահպանել օրենքի տառը և ամբաստանյալներին հարցնել, թե արդյոք նրանք այլ պաշտպան ունեն, թե ոչ: Անուշ Մխիթարյանը ընդգծեց, որ պաշտպանյալները պայմանագիր ունեն վճարվող պաշտպանների հետ և իրենց ներկայությունը դատարանում անիմաստ է:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կրկին անգամ դուրս եկավ ափերից.«Ինչո՞ւ են ձեզ նշանակել Հանրային պաշտպանի գրասենյակից: Հելեք՝ գնացեք»:
«Սասնա ծռեր»-ի անդամ Աշոտ Պետրոսյանը դիմեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին «Խինդով լեցուն աչքեր ունեք, բայց ձևական բաների հետեւից մի ընկեք ու նիստը մի ձգձգեք: Չեմ ուզում Ձեր աչքերը տխրեն: Իմ պաշտպանն Արայիկ Պապիկյանն է՝ կարգին տղա է, մյուսների ցավն էլ տանեմ»:
Արայիկ Պապիկյանը դատական նիստերի դահլիճ վերադարձավ ծաձողջույնների ներքո:
Նշենք, որ այս գործում ներգրաված են «Սասնա ծռերի» անդամներ Արմեն Լամբարյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Աշոտ Պետրոսյանը, Վարդգես Գեւորգյանը, Խաչատուր Գիչյանը, Մանվել Աթոյանը և Կարո Եղնուկյանը:
Հիշեցնենք, որ խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: