«Կարագն ամբողջ աշխարհում թանկացել է, Հայաստանն այդ թանկացման դեմ ի՞նչ պիտի անի»
Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը գտնվում էր արձակուրդում, սկսել են գործել «Հարկային» օրենսգրքի փոփոխությունները: «Բայց պաշտոնյաների խորհրդակցւթյունների ժամանակ պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ լավ չէ, ու պետք է ընդառաջ գնալ թանկացումներին, հիմա ո՞ր հարցերում է հնարավոր շտկումներ անել, որ թանկացումները «սուր չչոքեն» քաղաքացիների վզին»,-հարցրեց նա:
«2.6 տոկոս գնաճ, որ ասում եք, չոքել է մեր դռանը, ո՞ր գինն է չոքել մեր դռանը»,-արձագանքեց վարչապետը, ապա շարունակեց, որ փոփոխությունները, որ սկսել են գործել օրենսգրքով, ընդունվել են դեռևս 2016 թվականի հոկտեմբերին: «Պարզ է, որ հարկային բեռն ավելացնելը լավ բան չի, մենք ունենք տնտեսությունը զարգացնելու խնդիր, քննարկել ենք այն տարբերակները, որոնք մինիմալ բեռ են հանդիսանում մեր քաղաքացիների համար, մի տեղ, որտեղ բեռն է ավելանում, գյուղացու մոտ է, խնդիրը լուծելու ենք, գազը վերականգնվել է նախկինի գնին, բենզինն էլ ունի ալտերնատիվ հնարավորություն, չի ուզում բենզին օգտագործել, թող գազ օգտագործի»,-բացատրեց Կ. Կարապետյանը:
Արարատ Միրզոյանը թվարկեց, որ թանկացել են կարագը, միսը, կարտոֆիլը, վառեիլիքի թանկացումն է բերում այդ ամենին նաև: «Ասում եք՝ սուբսիդավորելու եք, էլի բյուջեից են սուբդիսավորելու: Մարդկանց ո՞նց ասենք, որ ճաշի մեջ յուղ պիտի քիչ գցեն, քիչ կարագ օգտագործեն»,-հարցրեց պատգամավորը:
Վարչապետն էլ հավելեց. «Կարագի հետ ինչ կատարվում է, մնացած երկրներում էլ է կատարվում: Իսկ ինչպե՞ս են մյուս երկրները լուծում թանկացման խնդիրը, տնտեսական աճ ապահովելով, կարագն ամբողջ աշխարհում թանկացել է, Հայաստանն այդ թանկացման դեմ ի՞նչ պիտի անի»:
Նա հավելեց, որ Նոր Զելանդական կարագն է թանկացել, Բելառուսինն ու Ռուսաստանինը չի բարձրացել: