Ինչո՞ւ է 29 ամյա ղրղզուհին Երևանում ինքնասպանության փորձ կատարել
Երեւանում հունվարի 4-ին ինքնասպանություն գործելու նպատակով երկրորդ հարկից նետված, Ղրղզստանի քաղաքացի 29-ամյա Նարգիզ Ումարովան, նախնական տեղեկություններով, դեկտեմբերի 29-ին մի խումբ անձանց հետ փորձել էր ապօրինի հատել հայ-իրանական սահմանը:
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը կանխել էր հանցագործությունն ու ձերբակալել կազմակերպված խմբին: Հարուցվել էր քրեական գործ, ինչի շրջանակում էլ խմբի անդամները կալանավորվել էին, իսկ Նարգիզ Ումարովան տեղափոխվել էր «Ամքոր» բարեգործական հիմնադրամ, մինչեւ նախաքննական մարմինը որոշակի հանգամանքներ կճշտի: Հենց բարեգործական հիմնադրամին պատկանող շենքից էլ 29-ամյա ղրղզուհին փորձել էր ինքնասպանություն գործել:
Կատարվածի վերաբերյալ օրերս հաղորդագրություն էր տարածել նաեւ Ռուսաստանում Ղրղզստանի դեսպանատունը: Ըստ նրանց պաշտոնական հայտարարության՝ Հայաստանում Ղրղզստանի գլխավոր հյուպատոսը Երեւանում հանդիպել է ԱԱԾ աշխատակիցների հետ, որոնք հայտնել են, որ չի բացառվում՝ Ումարովան ապաքինվելուց հետո արտահանձնվի Ղրղզստանին:
Նշենք, որ Ումարովան ընկնելու հետեւանքով կոտրել է ոտքը: Մեզ հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ նա վիրահատվել է, վիճակը կայուն է գնահատվում: