Զգույշ եղեք խոսելիս՝ ում եւ ինչպես է պետք վառել ու կախել. Առավոտ
Շւստ վաղուց՝ 1970-ականների սկզբին, խորհրդային կինոթատրոններում ցուցադրվում էր «Մասնագիտական ռիսկ» դրաման: Ֆիլմը նկարահանվել է 1967 թվականին, գլխավոր դերում հանդես է եկել հրաշալի երգահան ժակ Բրելը: Փոքրիկ գավառական քաղաքի ուսուցչին աշակերտուհիները զրպարտում են, թե իբր նա ուզեցել է բռնաբարել իրենց:
Հարցաքննություններից մեկի ժամանակ Բրելի հերոսը հարցնում է քննիչին՝ «մի թե ես նման եմ մի մարդու, որն ընդունակ է նման հրեշավոր հանցագործության»:
Ի պատասխան՝ քննիչը ցույց է տալիս արտաքինից միանգամայն նորմալ մի մարդու լուսանկար, որը, պարզվում է, մարդասպան էր:
Այդ Ֆիլմը ես միշտ հիշում եմ, երբ համացանցում պարբերաբար հայտնվում է ամուսնական մի զույգի նկար, որն արված է, հավանաբար, հարսանիքի կամ նման միջոցառման ժամանակ: Ֆոտոխցիկի առջեւ կիսաժպտացող տղամարդու եւ կնոջ սովորական նկար է, նման լուսանկարներ հազարներով են հանդիպում Ֆեյսբուքում: Բայց մենբ գիտենք, որ ըստ քրեական գործի նյութերի, տղամարդը դաժան վերաբերմունք էր ցուցաբերում իր կնոջ նկատմամբ, եւ ի վերջո կինը նրան սպանել է: Եթե այդ վարկածը ճիշտ է, ապա իրավաբանների տեսանկյունից մոտիվ, կարծես թե, գոյություն ունի: Բայց մնացածների համար նման դաժան սպանության պատճառն, այնուամենայնիվ, անհայտ է մնում:
Նման դեպքերի մասին վերջերս հաճախ ենք կարդում, եւ պատճառը ըստ երեւույթին այն չէ, որ դրանք շատացել են՝ պարզապես դրան՝ այլեւս չեն թաքցվում: Եթե խոսքը մեղսունակ, ոչ հարբեցող, ոչ թմրամոլ մարդկանց մասին է, ապա կողակցի հանդեպ դաժանության դրսեւորումներն է՛լ ավելի անհասկանալի են դառնում: Հեռու եմ այն մտքից, որ նման բաներ միայն Հայաստանում են կատարվում, բայց դա էլ մեզ, կարծում եմ, չպիտի սփոփի: Եվ մենք էլ, երեւի, պիտի մեզ հարց տան՝ ինչո՞ւ:
Հավանաբար, պատճառներից մեկն այն է, որ մենք չափից դուրս անզգույշ եւ, թող թույլ տրվի ասել, «ամբախ-զամբախ» խոսում ենք բռնության, վառելու, գյուլլելու, ոչնչացնելու եւ սատկացնելու մասին: Իհարկե, այդ խոսակցությունների մի մասը կրում է, այսպես ասած, «քաղաքական» բնույթ, երբ, օրինակ, նախկին հայաստանցիները, արմավենիների տակ նստած, մեզ՝ Հայաստանի քաղաքացիներիս, ցուցումներ են տալիս, թե հատկապես ում եւ ինչպես է պետք վառել ու կախել: Բայց ընդհանուր առմամբ բռնության նկատմամբ մեզանում իմունիտետ չկա, եւ կենցաղային թե քաղաքական կրքերի բռնկման պահին տեսականորեն մենք հնարավոր ենք համարում, որ մարդը ձեռք բերի գազանի հատկություններ:
Խոսքը կամ անգամ միտքը հատկություն ունեն նյութական ուժ դառնալու: Դրանց հետ պետք է զգույշ վարվել:
Արամ Աբրահամյան
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: