Ընդվզեց նաեւ Կապանը /ֆոտո/
Սյունիքի մարկենտրոն Կապանում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ բողոքի ակցիա ընդդեմ կուտակային կենսաթոշակների օրենքի: Ակցիային մասնակցել են մոտ 250 երիտասարդներ:
Նրանք կոչերով ու ցուցապաստառներով Կապանի ավտոկայանից շարժվեցին քաղաքի կենտրոնական հրապարակ: Ելույթներ ունեցան քաղաքական կուսակցությունների երիտթեւերի ներկայացուցիչները, “Վերադարձ” ՀԿ-ի նախագահ Դավիթ Սիմոնյանը, “Ընդդեմ իրավական կամայականությունների” ՀԿ Կապան կենտրոնի համակարգող Հրայր Խաչատրյանը, “Կայուն զարգացում” ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը:
Վերջինս Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ Սյունիքի 10 հասարակական կազմակերպություններ, ընդդիմադիր կուսակցությունների տարածքային կառույցների ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետին եւ Ազգային ժողովի նախագահին:
“Մեծարգո պարոնայք վարչապետ եւ ԱԺ նախագահ
Հայտնում ենք մեր անհամաձայնությունը 2014 թ.-ից կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի կիրառման վերաբերյալ: Կարեւորելով ներկայացվող համակարգի կիրառման հաջողված եւ ձախողված միջազգային փորձերը՝ այն տեղայնացնելու համար, բնականաբար, անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, որը կարծեք անտեսվում է:
Բնակչության աղքատության աննախադեպ բարձր ցուցանիշների հանգամանքը, կառավարության առջեւ առաջնահերթ խնդիր պետք է դնի տնտեսության զարգացումը, ՀՀ քաղաքացու արժանապատիվ ապրելու պայմանների ստեղծումը: Կյանքի նվազագույն պայմանները չապահովող աշխատավարձ ստացող քաղաքացու համար անընդունելի է եկամուտների նվազեցումը՝ ապագայում համեմատաբար բարեկեցիկ կենսաթոշակ ստանալու մշուշոտ խոստումների փոխարեն:
Մենք ականատեսն ենք բազմաթիվ աղաղակող անարդար երեւույթների եւ այս ամենի հետեւանքը, քաղաքացու պաշտպանված չլինելու զգացողությունն է: Սոցիալապես բեւեռացված եւ բեւեռացվող հասարակության շրջանում տիրող հուսահատության եւ անվստահության մթնոլորտում, որտեղ գերակշռում է արտագաղթի տրամադրությունը, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի կիրառումը չի կարող դրականորեն ընդունվել:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք կառավարության հետ մասնագիտական դիսկուրսում ներքաշվելու անհրաժեշտություն չենք տեսնում եւ պահանջում ենք հրաժարվել այս նախաձեռնությունից”,-ասված է նամակում: