«Իրենց պարտականությունը՝ ձենդ կտրի ասելն ա՞…».սանկցիա դատախազի նկատմամբ
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ ընդմիջումից հետո շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:
Արդեն հայտնել ենք, որ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) նկատմամբ դատավոր Արթուր Օհանյանը սանկցիա կիրառեց և նրան հեռացրեց դատական նիստերի դահլիճից:
«Սասնա ծռեր»-ի անդամ Սերգեյ Կյուրեղյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա դատարանից պահանջեց դահլիճ վերադարձնել Մարտիրոս Հակոբյանին և պատժել մեղադրող դատախազին:
Դատավորը նկատեց, որ դատախազները իրենց պարտականություններն են կատարում:
«Իրենց պարտականությունը՝ ձենդ կտրի ասելն ա՞…նույն դատախազը նախորդ նիստին Մարտիրոս Հակոբյանին արձագանքեց՝ թուրքը դու ես: Դատախազը ասում ա, որ մենք անիմաստ ենք խոսում:Նա իրավունք չունի նման բան ասել: Եթե մեր ասածի իմաստը չի հասկանում, թող հարցնի՝ կպատասխանենք:Մեղադրողը մեզ վիրավորում է, իսկ Դուք դա թույլ եք տալիս»,- հունից դուրս եկավ Սերգեյ Կյուրեղյանը:
Մարտիրոս Հակոբյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը նույնպես միջնորդեց իր պաշտպանյալին վերադարձնել դատական նիստերի դահլիճ:
Շուշանյանը նշեց, որ մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը իրեն անպարկեշտ է դրսևորում և ինքը դիմելու է Գլխավոր դատախազին՝ նրան պատժելու համար:
Մեղադրող կողմը նշեց, որ Գլխավոր դատախազին դիմելու կարիք չկա, քանի որ իրենք կատարում են իրենց պարտականությունները:
Դատավոր Արթուր Օհանյանը նախազգուշական սանկցիա կիրառեց մեղադրող կողմի նկատմամբ:
Մարտիրոս Հակոբյանին դատական նիստերի դահլիճ վերադարձնելու միջնորդությունը մերժվեց:
Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը: