Ուրախ դիմավորեցի ծննդյանս գիշերը. զինվորի 2-րդ տարեդարձը՝ դիրքերում
«Վերջերս պարբերաբար կարդում եմ նյութեր այն մասին, որ <<բավական է փաղաքշեք զինվորին, բա տղա են պետքա ծառայեն․․․ինչ մի բոլորդ էս եք տանում, էն եք անում․․շեղում եք ծառայությունից․․․»։
Վստահաբար ունեմ համոզվածություն այն, որ ցանկացած տեսակի ուշադրություն զինվորի հանդեպ երբեք չի կարող ոչ մի կերպ շեղել նրան իր իսկ պարտականությունից, որ կատարում է նա իր կյանքի երկու ամենանվիրական տարիների ընթացքում։ Այդ ամենում համոզվում եմ ամեն անգամ, երբ այցելում եմ ինչ որ մի զորամաս կամ, առավել ևս, երբ գտնվում եմ դիրքերում»,-Henaran.am-ին է պատմում «Քաղցրավենիք զինվորին» նախաձեռնության հեղինակ ու կազմակերպիչ Անի Ենգիբարյանը։
«Ի՞նչ եք կարծում՝ ինչ զգացողություններ կարող է ունենալ այն մարդն, ով իր ծննդյան տարեդարձը դիմավորում է սահմանագծին, զենքը ձեռքին և մտածելով միլիոնավոր մարդկանց ապահովության մասին։ Դժվար թե կարողանաք պատկերացնել։
Վազգեն Կարապետյան. առաջին հայացքից շատ լուրջ և խոհուն երևացող այս զինվորը մեզ դիմավորեց Մարտակերտի սահմանագծին՝ ամենայն պատասխանատվությամբ և հստակությամբ պաշտպանական և վերահսկող իր գործն իրականացնելով։
Մեծ հպարտությամբ և ուրախությամբ եմ ուզում խոսել նրա մասին, ով իրականացնում է այնքան անձնվեր գործ իր մյուս ընկերների հետ միասին։
Ցանկացա Վազգենի մասին պատմել ոչ միայն, որ նա դիրքերում կանգնած ամենաքաջ մարտիկի նման կազմակերպում է պաշտպանական պարտականություններն, այլ այսօր՝ 25․12․2017, Վազգենի ծննդյան տարեդարձն է, և նա այս պահին գտնվում է դիրքերում։
Յուրաքանչյուր մարդու համար ուրախալի է այն պահը, երբ զգում ես քեզ շրջապատված հարազատներով և մտերիմ մարդկանցով, իսկ առավել քան ուրախությունդ կրկնապատկվում է, երբ ծննդյան տարեդարձին ես տեսնում նույն մարդկանց։
Այսօր Վազգենի կողքին են իր ծառայակից ընկերները, Վազգենի տունը իր գետնատնակն է՝բլինտաժ ասվածը, որում էլ նա տոնում է իր տարեդարձը։
«Շատ անկեղծ, հարազատ մթնոլորտում եմ նշում իմ քսանամյակը։ Տղեքը անակնկալ արեցին՝տորթ ու մոմեր․․․ուրախ դիմավորեցի ծննդյանս գիշերը։ Ամեն ինչ շատ լավ է ընթանում»,- պատմել է Վազգենը։
Վազգենն առաջին անգամ չի նշում իր տարեդարձը դիրքերում՝ սա երկրորդն է, սակայն ավելի իմաստավորված և հասուն։ Վազգենի համար շատ կարևոր է չափ ասվածը, և նա գիտի՝ որքան կարևոր է Զինվորի համար այդ որակը, ու պետք է յուրաքանչյուրն իր ներսում մարզի։ Նույնիսկ ծննդյան առիթը, որը բոլորիս համար ամենաազատ օրերից մեկն է, ու դու քեզ կարող ես թույլ տալ ազատություն, Վազգենին թույլ չտվեց մոռանալ իր անելիքների մասին։ «Պատասխանատվության զգացումը երբեք քեզ հուսախաբ չի անում, քանի որ հստակ հաշվարկված են քայլերդ, անելիքներդ»,-նշում է Վազգենը,- «Թեև իմ ծննդյան օրն է, սակայն ես առավել քան գիտակցաաբար եմ մոտենում այն հարցին, որ ես կարևոր դաշտում եմ այս պահին ու չպետք է սահմաններ խախտել»։
Ասում են՝ բանակում անցկացրած ժամանակաշրջանից հիշողության մեջ տպավորվում են որոշակի կարևոր պահեր, դրվագներ, որոնք մարդն իր ողջ կյանքի ընթացքում անվերջ պատմում է ու հիշում։ Վազգենի համար ևս այդ պահերից մեկը սա է՝ ծննդյան տարեդարձը դիրքերում, որն այնքան մաքուր ու մարզ է, սակայն այնքան իմաստալից ու խորհրդավոր, որ անհնար է իր հասարկ , բայց պայծառ գույներով հեռանա Վազգենի հիշողությունից։
Այն հարցին, թե ինչ երազանք պահեց Վազգենը մոմերը փչելիս, նորից զարմացրեց իր եզակի պատասխանով․ « Երազանք ճիշտն ասած չեմ հասցրել պահել․․․ավելի ճիշտ չէի էլ մտածում դրա մասին, այնքան լավ էին տղեքը կազմակերպել․․․ավելի շատ միտքս միշտ մի բանա գալիս, երբ նման հարց են տալիս՝ թող այլևս ոչ մի զոհ չլինի, մեր բանակը պատերազմ չտեսնի։ Այդքանն էլ հերիքա, որ և ես, և մյուսներն իրենց լավ զգան»։
Շնորհավոր տարեդարձդ Վազգեն ջան։ Մենք բոլորս սպասում ենք քեզ ու բոլորին, ովքեր իրենց կյանքի նույնիսկ վայրկյաններն են նվիրաբերում հայրենապաշտպան գործին»,-պատմում է Անի Ենգիբարյանը։