Մենք քեզ շատ ենք սիրում. պարգևատրվեց կենդանի հերոսի մայրը/տեսանյութ/
Հայ մարդու համար մայրությունը ամենամեծագույն արժեքներից է, իսկ մորը մեծարելը հայի պարտքն ու սրտի խոսքն է:
Հերոսածին մայր Մարիամ Շահբազյանը երկար տարիներ աշխատում է Վահան Զատիկյանի անվան N 90 դպրոցում: Նա միշտ սիրով է կատարել իր գործը և մաքրուհու իր աշխատանքը կատարելիս միշտ ապրել է հայրենիքով և օրհնել սահմանապահ զինվորին:
Ազատամարտիկ Մորուք Կարո Կարապետյանի մորը այսօր անակնկալ էր սպասվում: Որպես հերոսածին մայր իր ծննդյան օրվա առիթով մի շարք հկ -ների նախագահների և Ասպետաց ակադեմիայի կողմից նա պարգևատրվեց «Մայրության» հուշամեդալով:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Ղարաբաղյան պատերազմի վետերանների միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի նախագահ, գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը նշեց, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու և շարունակելու են պարգևատրվել նաև ապրող հերոսների մայրերը:
«Կիմ Երիցյան» հիմնադրամի նախագահ, ազատամարտիկ Լևոն Բարսեղյանը ընդգծեց, որ այս ամենը բխում է «Ազգ-բանակ» գաղափարից և ամեն ջանք գործադրվելու է հերոսածին մայրերին մշտապես ուրախացնելու և նրանց բարի անակնկալներ մատուցելու համար:
Ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանն էլ ընդգծեց.«Օրվա խորհուրդը շատ կարևոր էր և կարևոր էր նաև, որ միջոցառումը կայացավ հերոսի՝ Վահան Զատիկյանի անունը կրող դպրոցում»:
Միջոցառման ներկանները հուզված էին: Հուզված էր նաև Վահան Զատիկյանի այրին և նրա անվան դպրոցի տնօրեն Սոխակ Զատիկյանը:
«Ես շնորհավորում եմ իմ սիրելի Մարիամ տատի ծնունդը և ասում՝ մենք քեզ շատ ենք սիրում»,-նշեց Սոխակ Զատիկյանը:
Նշենք, որ միջոցառման սկզբում ներկաները ծաղիկներ խոնարհեցին Վահան Զատիկյանի հուշարձանին հետո այցելեցին նրա թանգարան:
Մանրամասները՝ տեսանյութում: