Ընտանիքով աղոթո՞ւմ եք
«ՀԱՅՐՍ ԲԱՐԻ ՄԱՐԴ Է, ԲԱՅՑ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՂՈԹՈՒՄ»
12-րդ դարի մեր նշանավոր Հայրապետներից Սուրբ Ներսես Շնորհալին ասում է. «Աղոթքը հոգու սնունդն է, ձեր զավակներին աղոթք սովորեցրեք, որ վատ խոսքերին ու հայհոյանքներին չվարժվեն…, »:
«ԱՂՈԹԵԼ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԽՈՍԵԼ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ»
ԱՀԱ ՁԵԶ ՄԻ ՎԱՌ ՕՐԻՆԱԿ
Ընտանիքի մայրը պատմում է. «Ամուսինս երկար ժամանակ զբաղված էր իր գործերով և ներկա չէր լինում մեր ընտանեկան աղոթքին: Մի օր երեք տարեկան տղաս ասաց. «Այլևս աղոթելու կարիք չունեմ, պիտի մեծանամ, մարդ պիտի լինեմ»: Իրեն ասացի. «Բայց մեծ բարի մարդիկ աղոթում են»: Անմիջապես ինձ պատասխանեց. «Հայրս բարի մարդ է, բսյց երբեք չի աղոթում»:
Այս մասին ամուսնուս պատմեցի: Մի րոպե լուռ մնաց և ապա դողդողացող ձայնով ասաց. «Հայրս երբեք չի աղոթում»;
Այդ օրվանից սկսած ամուսինս միշտ ներկա գտնվեց մեր ընտանեկան աղոթքին և որքան մեծ էր տղայիս ուրախությունը, երբ առաջին անգամ տեսավ իր հորը ծնկի եկած, գլուխը կախ աղոթելիս»:
ԱՂՈԹԵԼ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԽՈՍԵԼ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ: Աղոթքը այն ուժն է, որը մեզ ցույց է տալիս աստվածային Սիրո ճանապարհը։
Իսկ դուք ընտանիքով աղոթո՞ւմ եք: Ի՞նչ է վիճակը ձեզ մոտ: Եթե չեք աղոթում, ուշադիր կարդացեք վերևում դրված ընտանիքի մոր պատմությունը և դասեր առեք նրանցից: Հայրը, որ երբեք չէր աղոթում, անդրադարձավ, միացավ իր ընտանիքին և ուրախություն պատճառեց իր զավակին: Նույնը արեք նաև դուք: Պարզ բացատրությամբ, աղոթելով դուք ոչինչ չեք կորցնում, ընդհակառակը՝ շահում եք Աստծու ողորմածությունը, որը ամենաթանկագինն է:
Տեր Հովսեփ քահանա Հակոբյան