”Չիմանաք մարդս պաշտոն չունի, ես կկորեմ”՝ հաթաթա
Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում 10 օր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքը շարունակում է մնալ Սյունիքի թիվ 1 թեման: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ամեն ինչ սկսվեց մի ձնագնդիկից: Աշակերտներից մեկի նետած ձնագնդիկը կպել է մեկ այլ չխաղացող տղայի, ինչն էլ “ռազբորի” առիթ է հանդիսացել:
Զրույցը շարունակել են դեկտեմբերի 9-ին, որտեղ քաշքշուկը վերածվել է ծեծկռտուքի:
Ըստ ոստիկանության տեղեկությունների Կ.Մ.-ն ծեծի է ենթարկել Հ.Գ.-ին, իսկ վերջինիս հորեղբայրը՝ Ա.Գ.-ն, երկու անգամ ապտակել է Կ.Մ.-ին: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
Ծեծողների մեջ եղել է Սյունիքի ճանապարհային ոստիկանության պետի Արամ Գալստյանի հորեղբոր տղան: Ըստ լրատվամիջոցների, ավագ դպրոցում սովորող Կ.Մ.-ն Գորիսից տեղափոխվել է Երեւան՝ առողջական խնդիրների պատճառով:
Վերջիններիս հարազատները, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բողոքել չեն ուզում, քանի որ դպրոցի տնօրեն Կարեն Մովսիսյանը լավ կապեր ունի թե Գալստյանների, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Տիկին Կարինեի ամուսինը՝ Արա Դոլունցը Սյունիքի նախկին փոխմարզպետն է եղել:
“Որ փոխմարզպետ էր, Կարինեն ավելի թափով էր, հիմա վախեցնում ա, ասում ա չիմանաք, որ մարդս պաշտոն չունի, ես կկորեմ”,-նշեց Henaran.am-ի աղբյուրը:
Ի դեպ, տիկին Մովսիսյանը սիրում է անընդհատ կրկնել, թե իր ղեկավարած դպրոցը կապ չունի մարզպետարանի հետ, այն կրթության եւ գիտության նախարարության ենթակայությամբ է:
”Մի՞թե սա թույլ է տալիս տիկին Մովսիսյանին տուժողներին հորդորել, որ դեպքը չկապեն դպրոցի հետ, մի՞թե քավոր-սանիկական հարաբերություններից պետք է տուժեն անչափահասները”,-դժգոհում են մեր զրուցակիցները:
Մենք փորձեցինք ճշտել նաեւ ավագ դպրոցի տնօրենի տեսակետը՝ ողջ օրվա ընթացքում զանգահարելով տիկին Մովսիսյանի տարբեր հեռախոսահամարներին: Նա այդպես էլ չպատասխանեց:
Հ.Գ. Պատրաստ ենք նաեւ ներկայացնելու դպրոցի տեսակետը: