Սինյոր Պապագատտոյի պես բնակբաշխման գործընթացը բիզնես էին դարձրել. Շիրակի թեմի առաջնորդ /տեսանյութ/
«Անօթեւանության խնդիրն այս պահին գրեթե շինծու հարց է, որը կա, եւ չկա։ Կա, անշուշտ, բայց չնչին տոկոսով: 29 տարվա մեջ հստակ չէր, թե քանի տնակ կա, քանի տնակ ռեալ բնակեցված է, քանի տնակ շինծու բնակեցված է, քանի տնակ քանդված է թղթի վրա, բայց իրականում կա, քանի տնակ քանդված է իրականում»,- այսպես սկսեց իր ելույթը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը կազմակերպված քննարկմանը, որի նախաձեռնողն էր «Գյումրիի Առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ն: Հանրային քննարկումը անդրադարձ էր անօթեւանության հիմնախնդրի լուծման ուղիներին:
Առաջնորդը վրդովված էր, նշեց այնպիսի դեպքեր, երբ Գյումրիում կինը, հաճախ պատմում է, թե իրեն ամուսինը ծեծում է, ահաբեկում, չեն կարող միայնակ ապրել, ստիպված երեխաների հետ պատսպարվել է տնակում եւ ունի բնակարանի կարիք, այնինչ ընտանիքի տեղեկությունները կեղծ են, բնակարանով ապահովված են եւ ամուսինները համերաշխ են:
«Կան ընտանիքներ, որ նույնիսկ իրենց զավակներին դատապարտել են թշվառ կեցությանը, որպեսզի չաշխատեն եւ նպաստ ստանան, չնչին բացառություններ են կազմում այն ընտանիքները, որոնք, իրոք, կան: Բայց, երբ խորանում ես, կտեսնես, որ նրանք էլ ծուլության ախտով են տառապում, այսինքն` ավելի լավ է մնան տնակում, քան փորձեն տնակային պայմաններից դուրս գալ։ Մտածում են, որ եթե տնակից դուրս գան, հաստատ հարցը չի լուծվի: Մտածում են` իսկ ինչքան տնակում մնան, այնքան լավ: Մեր այս հիմնադրամի ստեղծումն ի վնաս մեզ է ծառայում, ի վնաս մեզ է աշխատում, հիմա այդ բոլոր թաղամասերում արժիոտաժ է, հասեք, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը տուն է տալիս, որտեղ կա տնակ՝ գնանք մտնենք»,-ասաց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։
Շիրակի թեմի առաջնորդը նշեց նաեւ, որ սա առաջին մեղավորը մենք ենք՝ գյումրեցիներս: «Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում` ոչ իշխանություն, ոչ պետություն, ոչ երեւանցի, ոչ արտասահմանցի, որեւիցե մեկը մեղավոր չէ այս իրավիճակի համար։ Եւ շահառու կոչվածները եւ շահառուներով զբաղվող կառույցները, քաղաքապետարան կլինի, ինչ ՀԿ-ներ, չգիտեմ ինչեր կլինեն, այս հարցի վրա զբաղվել են զուտ բիզնեսով, թե ինչպես կարելի է առավելագույն դրամ շահել եւ ինչպես կարելի է առավելագույն բնակարաններ ստանալ: Սինյոր Պապագատտոյի պես բնակբաշխման գործընթացը բիզնես էին դարձրել»,-ասաց նա:
Ըստ պաշտոնական տեղեկությունների` Գյումրիում ավելի բնակարաններ են կառուցվել, քան քանդվել են երկրաշարժի հետեւանքով, սակայն դեռեւս անօթեւաններ կան քաղաքում:
Փաստաբան Թամարա Յայլոյանի խոսքով՝ եղել են մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողացել ընդգրկվել հերթացուցակներում և բնակարան ստանալ:
«Մինչև 2004-2005 թվականները, մարդիկ, ովքեր դիմում էին դատարան անօթևան ճանաչվելու համար, իրենց հայցը բավարարվում էր: Այժմ նման հայցերը մեծամասամբ չեն բավարարում, որպեսզի ցուցակում նոր անօթևաններ չավելանան»,- ասաց Թամարա Յայլոյանը:
«Քաղաքը չի մեծացել, քաղաքը փոքրացել է, բնակչությունը չի շատացել, բնակչությունը նվազել է, կառուցվել է ավելի շատ բնակարան, քան քանդվել է, եւ բնակարանները չեն բավարարել. սա ինչ միստիկա է, էսպիսի միստիկա ոչ մի տեղ չի եղել, չի կարող լինել, երբ խորանում ես, հասկանում ես, թե ինչը՝ ինչոց է, ժամանակն է այլեւս թողնել լացկանությունը, բարեգործական ակցիաներով խաբելու ցանկությունը ժողովրդին, մեզ` բոլորիս. բարեգործության ժամանակը Գյումրիում սպառված է, վերջացած է …»։
Henaran.am-ի այն հարցին, թե արդյոք իշխանությունը չէր կարող բռնել այդ «բիզնեսմեն պաշտոնյաների ձեռքը», որ խնդիրը լուծվեր, սրբազանը պատասխանեց, որ իշխանությունների մեղքն էլ այն է, որ հետևողական չեն եղել: Գումարները հասցրել են վերև, որ իրենց բան ասող չլինի:
Մանրամասները` տեսանյութում