28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բաքվի ձեռքբերումը

Բաքուն և Աստանան ստեղծում են երկու աշխատանքային խումբ` ղազախական նավթն ու գազն Ադրբեջանի տարածքով համաշխարհային շուկաներ արտահանելու համար։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Կանատ Բոզումբաևը։

Ըստ նրա՝ ղազախական գազի արդյունահանման ծավալները մեծանում են ու Ադրբեջանը դիտարկվում է որպես այդ գազի տարանցման ուղիներից մեկը։ Նա նշել է, որ իրենք քննարկում են Ղազախստանի արևմուտքում LNG գործարանի կառուցման հնարավորությունն ու գազն այնտեղից Ադրբեջանի տարածքով արտահանելու հնարավորությունը։ Նա հավելել է, որ երկրորդ աշխատանքային խումբը քննարկելու է ղազախական նավթն Ադրբեջանի տարածքով արտահանելու հնարավորությունը։

Ադրբեջանա-ղազախական տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծմամբ կենսականորեն հետաքրքրված է նաև Անկարան: Թուրքիան և Ղազախստանը ստեղծել են համատեղ կոնսորցիում, որի մեջ ընդգրկվել են նաև Վրաստանն ու Ադրբեջանը՝ որպես տարանցիկ երկրներ, Սև ծով-Կասպից ծով ուղղության վրա՝ թուրքական ապրանքները, այդ թվում՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծով, այնուհետև՝ Բաքու-Աքթաու ու Բաքու-Կուրիկ լաստանավային փոխադրումներով ասիական շուկաներ հասցնելու համար՝ Մետաքսի ճանապարհի շրջանակներում: Թուրքիայի համար, ինչպես նաև Ղազախստանի, ռազմավարական նշանակություն ու դեր ունի նաև Ադրբեջանը։

Որպես տարանցիկ երկիր՝ Բաքուն իր տրանսպորտային-էներգետիկ ենթակառուցվածքներ է տրամադրում Անկարային՝ Կենտրոնական Ասիա դուրս գալու համար, ինչպես նաև Աստանային՝ ՌԴ-ն շրջանցող, այլընտրանքային ճանապարհով կասպյան Աքթաու ու Կուրիկ ղազախական նավահանգիստներով ապրանքներ, էներգակիրներ դեպի Արևմուտք՝ Թուրքիա, սևծովյան երկրներ, ԵՄ արտահանելու համար:

Այս առումով ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան ռազմավարական առանցքը, որի բաղկացուցիչ տարրերն են լինելու Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծն, ու Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքն՝ ի հավելումն Պեկինի կողմից ակտիվորեն առաջ մղվող Մետաքսի ճանապարհի:

Վերջերս էլ Թուրքմենստանը հայտարարել էր, որ պատրաստ է գործարկել իր ներքին «Արևելք-Արևմուտք» գազամուղն իր էներգակիրները Կասպից ծովով միջազգային շուկաներ արտահանելու համար։ 2015թ.-ին «Արևելք-Արևմուտք» գազամուղի շահագործումից հետո մեծ հեռանկարներ են բացվել էներգետիկ ոլորտում։

Նշենք, որ, չնայած առկա որոշակի հակասություններին, այդ թվում՝ Կասպից ծովում վիճելի հանքավայրերի հետ կապված, Ադրբեջանն ու Թուրքմենստանը որոշել են փակագծերից այս կողմ դնել այդ հարցն ու սկսել կառուցել ընդհանուր կրոնական, թյուրքական հենքի վրա միություն, որի լոբբիզմով զբաղվում է Թուրքիան։

Անկարայի համար կարևոր է ունենալ անխափան միջանցք Վրաստանով, Ադրբեջանով դեպի Ղազախստան ու Թուրքմենստան։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկումից հետո ակտիվանալու է երկու տրանսպորտային միջանցք դեպի Կենտրոնական Ասիա, իսկ Ադրբեջանը վերածվելու է Արևելք-Արևմուտք ուղղությամբ կարևոր միջանցքի։

Առաջինը՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան, այսպես կոչված՝ Տրանսկասպյան միջանցք՝ ելքով դեպի Չինաստան, ինչպես նաև նախորդ շաբաթ ստորագրված Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Թուրքմենստան-Աֆղանստան ուղղությունն է, ինչը թույլ կտա Անկարային դուրս գալ Կենտրոնական Ասիա՝ թյուրքական ու իսլամական մի ահռելի տարածաշրջան, ինչպես նաև Աֆղանստան, որտեղ շուտով կարևոր աշխարհաքաղաքական իրադարձություններ են կատարվելու՝ Թալիբանի, ԻՊ-ի շուրջ։

Թուրքմենստանն արդեն իսկ իր բեռները, այդ թվում՝ նավթային, Բաքվի նավահանգստով արտահանում է Կովկաս, Թուրքիա, ԵՄ։ Տրանսպորտային, էներգետիկ կապերի հաստատումն Ադրբեջանի հետ Թուրքմենստանի համար կարևոր այլընտրանք է ռուսական, իրանական ուղղություններին։

Կասպից ծովի վիճելի կարգավիճակի կարգավորումից հետո, ինչը նախատեսվում է հաջորդ տարի, Թուրքմենստանն ու Ադրբեջանը կփորձեն ԵՄ-ԱՄՆ-Թուրքիա ակտիվ լոբբինգով կյանքի կոչել Կասպից ծովի հատակով Տրանսկասպյան գազամուղը՝ թուրքմենական լրացուցիչ գազային պաշարներն ադրբեջանական լոգիստիկայով՝ Բաքու-Էրզրում, ТАNAP գազամուղով Թուրքիա և ԵՄ արտահանելու նպատակով։

Արտյոմ Ավանեսով

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ