Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Մոսկվային
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու խոսքերից հետո Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինին բողոքի նոտա են հաձնել, գրում է “Известия”-ն:
Բաքվին դուր չի եկել Ժիրինովսկու ելույթը սեպտեմբերի 14-ին Ռամիլ Սաֆարովի արդարացման դեմ Մոսկվայում կայացած ցույցի ժամանակ: “Դա հրեշավոր հանցանք է: Նրա ոչ միայն կոչումն են բարձրացրել, այլ նաեւ վճարել են բանտում անցկացրած տարիների դիմաց: Որտե՞ղ եք տեսել, որ սպանության համար աշխատավարձ տան”,-հայտարարել էր Ժիրինովսկին` առաջարկելով, որ “հայկական հատուկ նշանակման ծառայությունները պատասխան տան Սաֆարովի ազատմանը”:
Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովն իր դժգոհությունն է հայտնել Ժիրինովսկու խոսքերի կապակցությամբ: Խալաֆովի համոզմամբ` նա այդ կերպ ահաբեկչության կոչեր է անում, ինչը խոչընդտում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Նա կոչ է արել ՌԴ կառավարությանը համապատասխան գնահատական տալ Ժիրինովսկուն: