Ընտանիքում բռնության օրենքը չի մտնում մարդկանց տներ, ընտանիքներ
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումների ավարտին հարակից զեկուցող Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ վերահստատում է երեկ հնչեցրած իր դիրքորոշումը և համոզված է, որ այդ դիրքորոշումը դահլիճում գտվնող մեծամասնության կողմից հավանության է արժանանում, ապա կոչ արեց չվերագրել այս օրենքին այնպիսի դեր, ինչպիսին այն չունի և չի կարող ունենալ:
«Մի’ վերագրեք այս օրենքին կարգավորիչ դեր, այս օրենքը չի հավակնում, նպատակադրում չի էլ եղել՝ մտնելու մարդկանց ընտանիքներ, չի կարող որևէ օրենք մտնել մարդկանց ընտանիքներ: Մի’ վերապահեք այնպիսի դեր, որն ի սկզբանե բաժանարար գծեր է տանում, չկա այստեղ մեր և ձեր տեսակետ»,- ասաց նա: ԱԺ փոխնախագահը չի կիսում այն տեսակետները, որոնք այս օրենքի համատեքստում քննարկում են մայրիշխանության կամ հայրիշխանության պայքար և այլ խնդիրներ:
«Ինչ վերաբերում է հայհոյական մշակույթը ի ցույց դնողներին, այդ տեսակետն այլ տիրույթում է, և այդ տիրույթում ես անելիք չունեմ»,- հայտարարեց նա: Վերջինս կոչ արեց կողմ քվեարկել այս օրինագծին: Նախագծի հիմնական զեկուցող ՀՀ Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն էլ ասաց. «Հաշվի առնելով այն, որ մենք արագացված ենք այս օրենքը քննարկում, ես կխնդրեի եղած առաջարկությունները ներկայացնել հանձնաժողով մինչև երկուշաբթի օրը: Մենք սպասում ենք համապատասխան առաջարկներին, պատրաստ ենք աշխատել պատգամավորների հետ»:
Նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը: