Արտակարգ իրավիճակ Գյումրիում
Գյումրիի ավագանու հերթական նիստն անցավ ավագանու ԳԱԼԱ խմբակցության դժգոհությամբ ու բոյկոտով: Պատճառը մեկ ամիս առաջ ԳԱԼԱ-ի ներկայացրած ուղերձի նախագիծն օրակարգ չընդգրկելն էր:
Նախագծով խմբակցության անդամները դիմում էին ՀՀ կառավարությանը նախակրթարանային ուսումն անվճար դարձնելու համար: ԳԱԼԱ խմբակցության ներկայացուցիչը պահանջեց որոշումը հիմնավորել օրենքով, քանի որ ՏԻՄ օրենքում և ավագանու կանոնակարգում չկա կետ, համաձայն որի հանձնաժողովներից մեկում հարցը բացասական եզրակացություն ստանալու դեպքում չի մտնում օրակարգ: Ի պատասխան, քաղաքապետն առաջարկեց մի փոքր սպասել, քանի որ Կրթության ու գիտության նախարարությունն օրենքում փոփոխություններ է անում, որոնք կվերաբերեն նաև նախակրթարաններին:
«Այնպես չլինի, որ ԳԱԼԱ-ն քաղաքի համար լավ բան է անում, ուզում է որ երեխաներն անվճար նախակրթարան գնան, իսկ մենք չուզող ենք, չենք ուզում, որ երեխաներն անվճար գնան. 500 միլիոն չէ, 5 միլիարդ էլ որ գա, ուրախ կլինենք, բայց հիմա ժամանակը չէ»,- նշել է Ս. Բալասանյանը:
ԳԱԼԱ խմբակցության ղեկավար Արմենուհի Վարդանյանն ավագանուն ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի՝ ավելի վաղ ԳԱԼԱ-ին հղած դիմումը, որով վերջինս տեղեկացնում էր, որ ուղերձի նախագիծը քննարկվելու է ևս երկու հանձնաժողովներում, սակայն այդպես էլ այդ հանձնաժողովներում առաջարկը չի քննարկվել և հարցրեց, թե ինչու են կամայականորեն արգելափակել հարցի լսումը մյուս հանձնաժողովներում, իսկ խմբակցության անդամ Լ.Բարսեղյանը պահանջեց ներկայացնել իրավական այն հիմքերը, որոնցով առաջնորդվել է քաղաքապետարանի աշխատակազմը հարցն արհեստականորեն ավագանու նիստի օրակարգ չընդգրկելով:
Բալասանյանը սակայն չթույլատրեց, որ Լ. Բարսեղյանը շարունակի իր խոսքը, զրկելով ելույթի իր իրավունքից:
«Ուրիշ բան, եթե դուք առաջարկեիք հարցն ընդգրկել նիստի օրակարգ և մենք նորից քվեարկեինք»,-հայտարարեց Բալասանյանը, որից հետո ԳԱԼԱ խմբակցության անդամ Արման Գրիգորյանը հանդես եկավ առաջարկությամբ՝ ավագանու նիստի օրակարգում փոփոխություն կատարել ու ներառել նաև այդ հարցը և ուղերձով դիմել ՀՀ կառավարությանը:
Հարցը դրվեց քվեարկության, սակայն ավագանու 8 դեմ ձայներով օրակարգը մնաց անփոփոխ: ԳԱԼԱ-ն բոյկոտեց ավագանու նիստը և խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճը: Ավելի ուշ ԳԱԼԱ խմբակցությունը հայտարարություն տարածեց.
«ԳԱԼԱ» խմբակցությունը հայտարարում է, որ ավագանու վերոհիշյալ ուղերձը ավագանու դեկտեմբերի 6-ի օրակարգում չընդգրկելը ապօրինություն է, մասնավորաբար, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ինքնիրավչության հետեւանք: Այս ինքնիրավչությամբ փորձ է արվել սահմանափակել ավագանու ընդդիմադիր խմբակցության օրինական գործունեությունը:
Խնդիրը կարգավորելու նպատակով կոչ ենք անում Գյումրու քաղաքապետ Բալասանյանին.
- Կարգի հրավիրել աշխատակազմի քարտուղար Ռ.Ասատրյանին, համապատասխան վարչական պատասխանատվության ենթարկել նրան վերոհիշյալ ինքնիրավչության համար:
- Գյումրու ավագանու հաջորդ նիստի օրակարգում ընդգրկել Գյումրու «ԳԱԼԱ» խմբակցության խնդրո առարկա ուղերձի նախագիծը: