«Ես չեմ կարող լսել բաշիբոզուկների և ենիչերների». «Սասնա ծռեր»-ը դատարանում ըմբոստացել են
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 5-ին շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի գործով դատական նիստը:
Նիստի ժամանակ նախագահող դատավոր Արթուր Օհանյանը հայտարարել է , որ սկսվում է գործով դատաքննությունը եւ մեղադրողներին խնդրել է ընթերցել մեղադրական եզրակացության մասը։
Մի քանի ամբաստանյալների մեղադրական եզրակացությունն ընթերցելուց հետո ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ) ոտքի է կանգնել և հայտարարել, որ ինքը չի կարող լսել նման անհեթեթություններ. «Իմ մոտ տենց ա, ես չեմ կարող լսել բաշիբոզուկների եւ ենիչերների»։
Դատավորը հորդորել է Մարտիրոսյանին նստել, սակայն վերջինս հրաժարվել է։ Դատարանը նրա նկատմամբ սանկցիա է կիրառել՝ հեռացնելով նիստերի դահլիճից։
Ամբաստանյալներ Արամ Մանուկյանը եւ Արայիկ Հակոբյանը նույնպես ցանկացել են լքել դատական նիստերի դահլիճը:
Դատավորը ընդմիջում է հայտարարել: