«Տղերքը երևի ուզում են ծխեն, ծխելու ժամ ա». «Սասնա ծռեր»-ի դատ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը այսօր հետաձգվեց: Նշենք, որ դատաքննությունը գտնվում է մեղադրանքի ներկայացման փուլում: Սկզբում գործով պաշտպան Մուշեղ Շուշանյանը խնդրեց փոքրիկ ընդմիջում հայտարարել, որովհետև իր պաշտպանյալները սննդի կարիք ունեին: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը ասեց. «Տղերքը երևի ուզում են ծխեն: Ծխելու ժամ ա»,- և հայտարարեց 15 րոպե ընդմիջում:
Ընդմիջումից հետո մեղադրող դատախազը ներկայացրեց Տիգրան Սարգսյանի և Գառնիկ Հովակիմյանի մեղադրանքը: Դրանից հետո դատավորը հայտարարեց, որ մի քանի ամբաստանյալների պաշտպաններ ներկա չեն նիստին, այդ իսկ պատճառով դատը հետաձգվում է: Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 14-ին:
Հիշեցնենք, որ խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: