“Բոյդ թաղեմ, տուբերկուլոզը դու ես”. մարզերում անհանգստացած են
Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը այսօրվա նիստում որոշել է փակել հակատուբերկուլոզային այն բաժանմունքները, որոնք հիվանդներով թերծանրաբեռնված են: Եղած հիվանդներն էլ պիտի ուղեգրվեն Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր:
Կապանի բժշկական կենտրոնի տուբերկուլյոզային բաժանմունքի վարիչ Ռաֆիկ Քոսակյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ծանոթ չէ կառավարության որոշմանը:
“Բայց միանշանակ չի կարելի ընդունել դա: Հիմա ձմեռ է, Աստված չանի, բացիլակիր հիվանդ ունենամ, ես ոնց ուղեգրեմ Երեւան էս եղանակին”,-ասաց Քոսակյանը՝ ուշադրություն հրավիրելով մի փաստի վրա:
“Հետո հիվանդներ կան, որ ֆինանսապես անապահով են, կառավարությունը նրանց ճանապարհածախսը հոգալու է, էդքան գումար ունի՞ պետբյուջեն”ՙ-ասաց մեր զրուցակիցը:
Վերջինիս խոսքով դեռ այն տպավորությունն է, որ թոքախտը “չար ու անբուժելի” հիվանդություն է: “Չեմ ասում լավ հիվանդություն է, բայց մի շարք հիվանդություններից վտանգավորը չէ: Էն որ մեկին ախտորոշեցի՝ ասի տուբերկլոզ ես, ասաց՝ թաղեմ բոյդ, դու ես տուբերկուլոզ”,-պատմեց բժիշկ Քոսակյանը:
Նրա բնութագրմամբ, հիվանդները մարզերից չեն հասնելու Երեւան: “Ուղեգրեմ էլ, չեն գալու Երեւան: Փող չունեն: Չեն բուժվելու, փակվելու են տանը ու վարակի աղբյուր հանդիսանան”,-եզրափակեց Քոսակյանը: