Բոլոր նախարարությունները չէ, որ Փարիզում են…
ԱԺ ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի արդյունքում առաջացած աղետի գոտում բոլոր խնդիրներ չէ, որ լուծված են, սակայն աստիճանաբար դրանք լուծվում են:
՛՛Երկրաշարժից հետո բավականաչափ խնդիրներ կային կուտակված Գյումրիում և այդ խնդիրներից առաջնայինն անօթևանության խնդիրն էր, որ կապված էր նաև գործազրկության հետ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գյումրեցի պատգամավորը: Նա հիշեցրեց, որ նախքան երկրաշարժը Գյումրի վերանվանված Լենինականը երբեմնի արդունաբերական խոշոր քաղաք էր, իսկ աղետից հետո կորցրեց իր արդյունաբերական հզորությունների շուրջ 80 տոկոսը:
Մարգարյանը նշեց, որ 2008 թվականից հետո բավական մեծ թվով բնակարաններ են կառուցվել ոչ միայն Գյումրիում, այլև աղետի գոտում, իսկ որոշ անօթևաններ էլ բնակարաններ ձեռք բերելու սերտիֆիկատներ են ստացել: ՛՛Գյումրիում շուրջ 3000 բնակարան հանձնվեց շահագործման, նաև դպրոցներ, առողջապահության ոլորտի հիմնարկներ գործարկվեցին՛՛,-փոխանցեց նա:
Հիմա, համաձայն պատգամավորի ունեցած տվյալների, մոտ 7000 անօթևաններից միայն 1000-ն ունի անօթևանության խնդիր: ՛՛Եվ եթե եկող տարում էլ 1000 բնակարան լինի, անօթևանության խնդիրը ավարտին կհասցվի՛՛:
Հարցին, թե Աստված մի արասցե, սակայն նոր երկրաշարժի դեպքում որքանով ենք պատրաստ դիմակայել, Մարգարյանը պատասխանեց. ՛՛Ուրախալի է՝ Գյումրիում հիմնականում այսօր բազմահարկ շենքեր չկան, ինչը, կյանքը ցույց տվեց, շատ կարևոր է: Բացի այդ մենք այն ժամանակ պատրաստ չէինք, որովհետև չունեինք ԱԻՆ, այսօր ավելի ամուր շենքեր ենք կառուցում ու ունենք արագ արձագանքման ծառայություներ՛՛:
ՕԵԿ պատգամավորը շեշտեց, որ այսօր աղետի գոտուն և մասնավորապես հայրաքաղաքին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում: Հովհաննես Մարգարյանը գոհունակությամբ հիշեցրեց, որ Գյումրի այցելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառել Հյուիս-Հարավ ավտոճանապարհի վերագործարկումից հետո Մշակույթի նախարարության տեղափոխումը Գյումրի: ՛՛Բոլոր նախարարությունները չէ, որ Փարիզում են, ապակենտրոնացումը էական նշանակություն է ունենում տվյալ քաղաքի զարգացման համար, իսկ Գյումրին արվեստի ու արհեստի, մեծերի քաղաք է, և որպես մշակույթի մայրաքաղաք՝ նախարարությունն այնտեղ տեղափոխվելը ճիշտ կլինի՛՛,-եզրափակեց Մարգարյանը: