Վերիշենցիներն ընդդեմ կաթողիկոսի
Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչների անդորրը արդեն մի քանի օր խախտվել է: Կաթողիկոսի հրահանգով գյուղից ուզում են Էջմիածին տեղափոխել 14-րդ դարի խաչքարը: Այն գյուղի 4-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում է տեղադրված:
“Գորիսի Տեր Շիրակը եկավ ավտոմեքենայով, ամբարձիչ կռունկով, որ տանեն: Թույլ չտվեցինք, հաջորդ անգամ փորձեն, գյուղացիները փայտերով են ծեծելու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վերիշենի գյուղապետ Արարատ Օրդյանը:
Վերջինիս խոսքով Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ ՏերՄակար վարդապետի ցանկությունն է խաչքարը գյուղից հանելը:
“Մի քանի տարի առաջ եկան մշակույթի նախարարությունից երկու խաչքար տարան, հիմա Պատմության թանգարանում է: 2016թ-ին էլի բերվելու է գյուղ: Հայր Մակարը ասում է, որ Կաթողիկոսն է ասել, ո՞ւր ա փաստաթուղթը”,-ասաց նա:
Հայր Մակարը Henaran.am-ի հետ զրույցում ասաց չհերքեց, որ փաստաթուղթ չունի: “Բանավոր հրահանգ է: Էջմիածնում հուշապատ են կառուցում եւ ամեն մի մարզից մեկ խաչքար պիտի լինի: Ամբողջ խնդիրը սա է”,-ասաց Հայր Սուրբը՝ ավելացնելով, թե մի տեղ էլ “վերիշենցիները պիտի ուրախ լինեն, որ Սյունիքը ներկայանալու է իրենց գյուղով”: Թե ինչու հատկապես այդ խաչքարը՝ Հայր Մակարը դժվարացավ պատասխանել:
“Երբ գյւողապետն ու գյուղացիները ըմբոստացան, մենք կանգ առանք: Հիմա փորձում ենք թույլտվություն ստանալ մշակույթի նախարարությունից եւ կլինի նաեւ Կաթողիկոսի գրավոր ցուցումը”,-ասաց Հայր Մակարը: