«ՀՀ պատմության մեջ առաջին անգամ». ՍԴ-ն քննում է
ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 69-րդ հոդվածի 1-ին մասի, Վանաձորի համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումների՝ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի 26 պատգամավորներ ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում են անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբացկությունների ներկայացուցիչները՝ լինելով փոքրամասնություն և չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ։
Նշենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ընտրություններից հետո ավագանու «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտեցին ավագանու նիստերը, մինչ օրս չեն մասնակցում, սակայն Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, չունենալով մեծամասնություն, մինչ օրս ավագանու նիստեր է գումարում՝ պնդելով, որ իրենք անօրինական ոչ մի բան չեն անում, եւ օրենքը իրենց տալիս է այդ հնարավորությունը։
Սահմանադրական դատարանն անցավ խորհրդակցական սենյակ: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ որոշումը կհրապարակվի 15:00-ին:
Դիմող կողմի ներկայացուցիչ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ վիճարկվում է ՏԻՄ կողմից կայացված որոշումների անվավեր լինելու հարցը նաև:
«Առանց քվորումի չի կարող նիստ գումարվել, իսկ եթե գումարվել է, ու ակտ է ընդունվել, այն չի կարող իրավական ուժ ունենալ»,-ասաց նա: