Հակառակ Լևոն Մկրտչյանի հրամանին՝ Մայր բուհում ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձերը չեն զեղչում /տեսանյութ/
Ինչպես հայտնել ենք, Երևանի պետհամալսարանի գլխավոր շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 7-ի առավոտից ուսանողները հավաքվել են և բողոքի ակցիա են իրականացնում՝ դասադուլի կոչով:
Բողոքի ակցիայի ընթացքում ապրիլյան պատերազմի մասնակից, ԵՊՀ ուսանող Մանվել Մանուկյանը նշեց ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից բազմաթիվ տղաների ուսման վարձերի զեղչերը չեն արվում։
«Պատճառաբանություններն անհեթեթ են, քանի որ եթե զեղչն արվում է քառօրյա պատերազմի մասնակիցների համար, ոչ մի պատճառ չպետք է լինի: Պնդում են, որ զեղչ չի արվում, քանի որ ՄՈԳ-երը ցածր են։
Բոլոր նրանք, ովքեր ուզում են միանալ ինչպես այս, այնպես էլ տարկետման վերացման խնդրի լուծմանը, թող միանան: Պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած տղաներն արժանի են այդ զեղչին, ի վերջո, դրանով նաև պետությունը վերաբերմունք է ցույց տալիս նրանց նկատմամբ: Ինչո՞ւ ուշադրություն չեն դարձնում, որպեսզի այդ զեղչերն իրականում կատարվեն»,- հավելեց նա:
Հիշեցնենք՝ Ապրիլյան քառօրյա պատերազմինմասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձի զեղչից: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` հավելելով, որ նրանց համար կիրառվելու է առավելագույն զեղչի չափը։ Նախարար Մկրտչյանը հստակ նշել էր՝ զեղչից կարող են օգտվել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները՝ անկախ առաջադիմությունից: