Գյումրեցիները երգում են՝ ՛՛Պուտինն է մոտենում… ՛՛ /ֆոտո/
Պուտինն է մոտենում … Գյումրիում առաջին ձյան հետ ավարտվեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմավորելու նախապատրաստական աշխատանքները : Ձյան տակ փողոցները ասֆալտապատել հնարավոր չէր, բայց արեցին, Հայաստանի և Ռուսաստանի դրոշներն էլ, որ կախել էին նույնիսկ քաղաքի ծառերից, թրջվել են:
Վերանորոգվել են երկար ժամանակ լքված կառույցները՝ Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը /այստեղ է տեղի ունենալու հայ-ռուսական համաժողովը ՛՛Հայաստան-Ռուսաստան, Մաքսային միություն՛՛ խորագրով-հեղ. /, լցրել են ջրափոսերն ու ասֆալտապատել միայն գլխավոր ճանապարհները, որոնցով անցնելու է ՌԴ նախագահը:
Ասֆալտապատել են հրապարակի մերձակայքում գտնվող սբ. Ամենափրկիչ եկեղեցու շրջակայքը: Այստեղ է գտնվում 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, նաև դեպի սբ. Միխայիլ հրեշտակապետի ուղղափառ եկեղեցի /Պլպլան ժամ/ տանող ճանապարհը: Ըստ երևույթին /կամ ըստ քաղաքապետարանի/ `Պուտինը կայցելի տեղի ռուսական եկեղեցին:
Գյումրեցիները Վլադիմիր Վլադիմիրովիչի այցի շուրջ արդեն հումոր են անում :՛՛ Պուտինն օր քիչմ շուտ-շուտ գա, մեր քաղաքի սաղ փողոցները ասֆալտ կենեն՛՛: Ասում են` Պուտինը հանգրվանելու է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կառուցած ՛՛Ալեքսանդրապոլ՛՛ հյուրանոցում: Սա գտնվում է վերջինիս տան մերձակայքում: Ի դեպ, Գյումրիում նոր գովազդ է տարածվել՝ ՛՛Տոներն են մոտենում՛՛ երգելու փոխարեն երգում են ՛՛Պուտինն է մոտենում՛՛:
Հիշեցնենք, դեկտեմբերի 2-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանում ՌԴ նախագահ Վլ. Պուտինը: Նա այցելելու է Գյումրի, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան: