Սամվել Բաբայանը ազատ կարձակվի՞
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 30-ին շարունակվում է «Սամվել Բաբայանի և մյուսների»-ի գործով դատաքննությունը:
Ամբաստանյալ, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը միջնորդեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին:
Քալաշյանը նշեց, որ գործում առկա ապացույցները արդեն հետազոտվել են, վկաները հարցաքննվել և այս փուլում այլևս հիմնազուրկ է դատարանի դատաքննության սկզբում հայտնած այն դիրքորոշումը, որ ազատության մեջ մնալու դեպքում Սամվել Բաբայանը կարող է խոչընդոտել օբյեկտիվ դատաքննությանը:
Նշենք, որ Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: