«Քոչարյանին 3 օր պադվալում պահել են»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 30-ին շարունակվում է «Իգլա»-ի գործով դատաքննությունը:
Այսօրվա դատական նիստում ցուցմունք է տալիս ամբաստանյալ,ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը:
«Իգլա» -ի մասով ցուցմունքն ավարտելուց հետո Սամվել Բաբայանը ցուցմունք է տալիս նաև փողերի լվացման մասով առաջադրված մեղադրանքի շուրջ:
«Ինձ Մոսկվայում պարտք են եղել 35 հազար դոլար, ուղարկվել է 5 հազարը: Ես խնդրել եմ Կարեն Քոչարյանին, որ օգնի գումարը փոխադրելու հարցում: Գումարը տեղ է հասել ու տեսել եմ, որ վրան «կրասկա» կա, Կարենին նախ խնդրել եմ ճշտի, թե դա թուղթա, թե փող: Հետո որոշել եմ ինչ որ տարբերակով դրանք մաքրել տալ: Ես ոչ գողացել եմ, ոչ լվացել եմ այդ գումարը: Ամոթա, սա արդեն համարում եմ օրենսդրական դաշտի պազոր»,-նշեց Սամվել Բաբայանը:
Բաբայանը ընդգծում է , որ դա իր գումարն է. «Քոչարյան Կարենին երեք օր պադվալում պահել են , ու նա էլ ասել ա, որ գումարը Բաբայան Սամվելիննա: Ինձ պարտք ա եղել Վասիլին, փոխանցել ա Մարատը: Դատախազը նշում է, որ դա գողացված գումար ա: Ունեք ապացույց, որ այդ համարները շրջանառությունից հելա՞ծ են՝ չունեք: Որևէ մեկը չի կարա ասի դա գողացած ա, թե ստացված ա: Ես էլ որ վեց ամիս լսեմ ձեր հեռախոսը հարյուր հատ հոդված կարամ դնեմ: Ես գումարից չեմ հրաժարվում, մեխանիզմը ասեցի, ոնց է բերվել հասցվել: Դա իմ գումարնա»:
Սամվել Բաբայանը զարմանում է, որ իրեն նման քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով մեղադրանք են առաջադրել. «Էս հոդվածով մեղադրվողը կամ պետքա լինի գողացող, կամ օժանդակող, կամ փող լվացող: Ո՞վ ա տուժել իմ փող լվանալուց, որ 190 հոդվածը դրել եք իմ վրա: Սա գործ չի ու չեմ հասկանում, թե ուր ենք գնում , ինչ ենք անում»:
Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: