Հոկտեմբերի 27-ից մեկ շաբաթ առաջ իրենք իրենց կանանցով մեր տանն էին. Հրապարակ
Երեկ կեսօրին, երբ իշխանավորները՝ մի փոքր խմբով, իրենց պարտքը կատարեցին ու հեռացան, Եռաբլուր այցելեցին ընդդիմադիրները։ Մասնավորապես՝ ներկա ու նախկին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները՝ շատ համեստ կազմով։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերից սպարապետ Վազգեն Սարգսյանը թաղված է հենց Եռաբլուրում։ Նրա հիշատակը հարգելու էին եկել «Ելք» դաշինքի անդամներ, Աժ պատգամավոր, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները։ Վազգեն Սարգսյանի մյուս եղբայրը՝ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը, Եռաբլուր էր այցելել առավոտյան՝ պաշտպանության նախարարի եւ մյուսների հետ։
Երբ Արամ Սարգսյանն ու նրա թիմակիցները Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ իրենց պարտքը կատարելուց հետո պատրաստվում էին հեռանալ, ժամանեցին ՀԱԿ անդամները՝ Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, ով այդ թվերին զինդատախազն էր ու ղեկավարում էր Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խումբը։ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր։ Կոնգրեսականներն էլ ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի շիրիմին եւ հեռացան։ ՀԱԿ անդամներից որեւէ մեկը չցանկացավ խոսել որեւէ թեմայով։ Նրանք լռության ուխտ են պահպանում։ Այսքանով ավարտվեց Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի այցը Եռաբլուր։ Տպավորություն է, թե պարտադրված պարտք է, որ ամեն տարի այս օրը տալիս են քաղաքական դաշտի ներկայացուցիչները ընդդիմադիր, թե իշխանական, որ ցույց տան, թե չեն մոռացել 18 տարի առաջ տեղի ունեցածը:
Սա գնալով ավելի ձեւական եւ արարողակարգային բնույթ է կրում՝ պարտք, որը պետք է տալ, որ չասեն՝ չտվեցին։
Թերթի հարցերին պատասխանեց միայն Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ դժվարանում է հստակ մեղադրել կոնկրետ մեկին, բայց կասկածներ է հայտնում, որոնք տանում են Ռուսաստանի եւ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ։ Նա բազմաթիվ հակասություններ է մատնանշում՝ տեսաժապավենների հետ կապված, զենքի՝ դահլիճ բերելու, քննչական գործողությունների, տարբեր անձանց, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի խոսքերում, որոնք իր մոտ լուրջ կասկածներ են առաջացրել օրվա իշխանության, այդ թվում՝ Քոչարյանի պահվածքի առումով։
«Բայց պնդել միանշանակ, որ Ռոբերտ Քոչարյանն այդ գործի պատվիրատուն է, ես չեմ կարող։ Ես կարող եմ հստակ ասել, որ Քոչարյանը եւ իր հետ իշխանության եկած վարչակազմը՝ ներառյալ այդ ժամանակվա Ազգային ժողովը, որոնք եղբորս ընկերներն էին նաեւ, ոչինչ չարեցին գործը բացահայտելու, իսկ Քոչարյանն էլ իր թիմով ամեն ինչ արեց գործը կոծկելու ուղղությամբ»,- ասաց Արամ Սարգսյանը՝ նշելով, որ այս թեմայով բազմաթիվ հարցեր կան, որոնց հիման վրա ցանկացած պարագայում կարելի է գործընթաց սկսել նոր երեւան եկած հանգամանքների հիմքով։
-Պարոն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ հայտարարեց, որ մի հասարակ «ուչաստկովին» էլ կարող է բացահայտել այս գործը։ Արդեն 18 տարի է անցել, բայց այդ «ուչաստկովին», փաստորեն, չի գտնվում Հայաստանում։
-Ռոբերտ Քոչարյանը դրանով շատ մեծ վատություն արեց ինքն իրեն։ Նա խոսքի առումով բազմաթիվ բացթողումներ է ունեցել, ինչն իր, ինչն իր դեմ է աշխատել: Ցավոք սրտի, ինքը նաեւ հետեւություններ անող մարդ չէ՝ եւ չի կարողանում ինքն իրեն զսպել:
Շատ ուղղագծային է, Րաֆֆի Հովհաննիսյանի ասած՝ «առանց զադնիի մարդ» է։ Ու էդ կարգի մարդիկ քաղաքականության մեջ վտանգավոր են։ Դրանով ինքը կասկածները մեծացրեց իր հանդեպ, ու հանրությունը, այդ թվում՝ նաեւ ես, համարեցինք, որ դա ուղիղ պատվեր է քննչական խմբին՝ գործը տանել եւ էդ հինգով փակելու առումով։ Ու քննչական խումբը հենց էդպես էլ հասկացավ։
-Եթե, ենթադրենք, Ձեր մատնանշած մարդիկ կամ ուժերն էին կանգնած հետեւում, որն էր հիմնական շարժառիթը ոճրագործության, խոսվում է արտաքին քաղաքականության ու ղարաբաղյան հետքի, Վազգեն Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունների, ներքաղաքական կամ տնտեսական այլ խնդիրների մասին։
-Շատ բարդ է գնահատական տալը, իմ կարծիքով՝ բոլորի հանրագումարն է՝ սկսած տնտեսականից, որովհետեւ օլիգարխիայի ձեւավորման որոշակի էլեմենտներ կային, որոնք հարկային դաշտում չէին երեւում, եւ էդ ուղղություններով քայլեր էր արել Վազգենը, եւ նույնիսկ էդ ժամանակ՝ Հոկտեմբերի 27-ից հետո, թերթերում հոդվածներ եղան, թե այս կամ այն օլիգարխն իր տանը ճաշկերույթ է արել Հոկտեմբերի 27-ից հետո, որ ազատվեցինք՝ վերջացավ։ Այսինքն՝ սկսած տնտեսական հետքից, որ շատ-շատ մարդկանց, որոնք միլիոնավոր դոլարներով գումար էին աշխատում, վերջացրած ղարաբաղյան հարցով ու որոշ մարդկանց քաղաքական ամբիցիաներով, շահառուներ եղան։ Իսկ ժողովուրդն ասացվածք ունի՝ նայեք. թե ով շահեց։ Ներքաղաքական դաշտում ովքեր շահեցին, տնտեսական դաշտում ովքեր ինչ սեփականություն ունեցան, արտաքին քաղաքական դաշտում որ երկիրն ինչ ձեռքբերումներ ունեցավ եւ ինչի հասավ:
-Այդ ոճրագործությունից հետո Ձեր նշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնում շատ շահարկվեց հենց Հոկտեմբերի 27-ի կոնտեքստում, որ սրանով գուցե փորձել են լռեցնել Ձեզ։
– Գիտե՞ք, էն մարդիկ, ովքեր Էդպես են մտածում, իրենց մտածելակերպի մեջ էսօրվա դրությամբ շատ ճիշտ են։ Եթե էսօրվա փաստերով նայենք, այն, ինչ ես էսօր գիտեի, էդ ժամանակ գուցեեւ չհամաձայնեմ։ Բայց դա բացարձակ այլ ժամանակահատված էր։ Ես երբեք կանխակալ մոտեցում չեմ ունեցել ոչ Ոոբերտ Քոչարյանի, ոչ էլ, առավելեւս՝ Սերժ Սարգսյանի հանդեպ։ Համարել եմ, որ իրենք իմ եղբոր ընկերներն են, եւ պիտի ասեմ, որ դրանից մեկ շաբաթ առաջ իրենք իրենց կանանցով մեր տանն էին, պարում-ուրախանում էին։ Այն ժամանակ համարել եմ, որ Սերժ Սարգսյանն ու Ոոբերտ Քոչարյանը շատ ավելի իմ եղբոր ընկերներն են, քան էն թիմը, որ էդ ժամանակ իմ հետ էր։ Ես որեւէ կասկածելու խնդիր չունեի։ Եվ ես այդ պաշտոնին եկա իրենց խնդրանքով։ Այդ ժամանակ կար վհուկների որս։ Ուղղակի մեկը մեկին կասկածում էր, եւ միայն իմ պարագան էր, որ կարող էր վստահություն առաջացնել, որ գործընթացները չեն ուղղորդվի այս կամ այն ուղղությամբ։
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: