Պատմական պատերն ու նոր տեխնոլոգիաները. հին ու նորի խաչմերուկում
Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ ՏՏ ինկուբացիոն լաբորատորիայի բացման արարողությունը։
Նշենք, որ այն բացվել է Գյումրիի պատմական շենքերից մեկում, որը հայտնի է նրանով, որ հենց այս շենքում է բացվել Հայաստանի առաջին պետական համալսարանը, որը հետագայում տեղափոխվել է Երևան ու դարձել Երևանի պետական համալսարան:
Նոր լաբորատորիան հետաքրքրիր դիզայն ունի, պահպանվել է պատմական միջավայրը, ու նոր տեխնոլոգիաների համադրմամբ՝ այն դարձել է հնի ու նորի յուրօրինակ միախառնում, որտեղ ուսանելու են նոր ՏՏ դասընթացի մասնակիցները, ովքեր ծրագրավորման նոր լեզուների իմացությամբ համալրելու են ՏՏ ոլորտի աշխատաշուկան:
Դեսպան Սվիտալսկին իր ելույթում ընդգծեց նման ծրագրերի կարևորությունը՝ ասելով. «EU4Business և EU4Regions նախաձեռնությունների շրջանակում Եվրոպական միությունն աջակցում է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնին և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին՝ Շիրակի մարզում տեխնոլոգիական զարգացումը խթանելու համար: Ծրագրի նպատակն է ավելացնել բարձրորակ արտադրանք թողարկող փոքր բիզնեսների քանակը, ինչպես նաև հզորացնել Շիրակի մարզի երիտասարդ մասնագետների հմտությունները ՏՏ ոլորտում՝ որպես տնտեսական աճի և համապարփակ զարգացման խթան»:
Եվրամիության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում հիմնված լաբորատորիան մարզի 17-35 տարեկան գործազուրկների համար կկազմակերպի տեղեկատվական տեխնոլոգիաների 5-ամսյա դասընթաց: Ծրագիրը, որը ներառելու է շուրջ 200 մասնակցի, համագործակցում է տեղական ՏՏ ընկերությունների հետ՝ բացահայտելու նրանց՝ մարդկային ռեսուրսների պահանջարկը, և դրա հիման վրա կրտսեր ծրագրավորողներ է պատրաստում: Դասընթացի առաջին փուլն արդեն ավարտված է, ինտենսիվ ուսուցման ծրագիրն անցել են ավելի քան 50 մարդ, ովքեր նոյեմբերի սկզբից կմասնակցեն պոտենցիալ գործատուների կողմից տրամադրվող գործնական աշխատանքների փուլին: Ծրագիրն ակնկալում է ունենալ տեղական ընկերություններում աշխատող մոտ 90 ՏՏ մասնագետներ: