Որ կանչում եք՝ ծանուցագիր ուղարկեք.Դեդը՝ դատավորին
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատավարությունը:
Նշենք, որ նիստը արտագնա է, քանի որ գործը գտնվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում :
Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը դատաքննությունը սկսելուն պես անցավ ամբաստանյալների ճանաչման փուլին:
Ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ) նշեց, մինչ կալանավորվելը համայնքի ղեկավար է եղել և ապրել է ՀՀ Քաշաթաղի շրջանի Աղավնի գյուղում:
Մարտիրոս Հակոբյանը դիելով դատավորին ասաց. «Դուք նախորդ դատավորից ոնց որ տարբերվում եք ու անաչառ եք: Դրա համար Ձեզ եմ դիմում. եթե կանչում եք ծանուցագիր ուղարկեք, հետո ինձ բերելուց շղթայակապ են բերում: Չորս մեքենա ուղեկցում է ու մեկն էլ զինված, բայց էլի շղթայակապ են բերում»:
Դատավորը խոստացավ այդ խնդրին լուծում տալ:
Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: Մակյանի վարույթում գտնվող գործով դատավարությունը դեռ չի սկսել: