Սամվել Բաբայանը հիվանդ է
Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստը սկսվելուն պես հետաձգվեց։
ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը գրություն էր ուղարկել դատարան՝ նշելով, որ չի կարող ներկայանալ դատական նիստին, քանի որ մրսածություն ունի, ձայնն ամբողջությամբ խզված է։
Բաբայանը հայտնել էր , որ պարբերաբար է ունենում ձայնի նման խզումներ, սակայն իր համար այսօրվա դատական նիստը կարևոր էր։
Նշենք, որ այսօր դատարանում Բաբայանը ևս պետք է հարցաքննվեր։
Այսօրվա նիստին ներկա չէին ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, դատարանը տեղեկացրեց, որ դատական նիստը պետք է հետաձգվեր, այդ պատճառով նրանց ՔԿՀ-ից չեն բերել դատարան։
Գործով փաստաբան Վաղինակ Գեւորգյանը խնդրեց դատարանին, որ հաջորդ երկուշաբթի օրվա դատական նիստը ևս հետաձգվի, քանի որ ինքը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ։
Դատավորը հայտնեց, որ հաջորդ դատական նիստին Սամվել Բաբայանը չի հարցաքննվի փողերի լվացման դրվագով, քանի որ փաստաբան Գևորգյանի պաշտպանյալ Դավիթ Հարությունյանը ևս այդ դրվագով է անցնում։
Հաջորդ նիստին կհարցաքննվեն Արմեն Պողոսյանն ու Սանասար Գաբրիելյանը։
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 23-ին, ժամը 11․00-ին։
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սամվել Բաբայանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ եւ 38-235-րդ հոդվածի 2֊րդ մասերով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք։ Նյութի աղբյուրը ` hraparak.am