02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Որևէ բուհ Գյումրիում չի փակվում. Աշոտյանը Գյումրիում էր

Շիրակի մարզի կրթության ոլորտի խնդիրներին տեղում ծանոթանալու և առկա խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով մեկնել էր Գյումրի: Նախարարի  այցը մեկնարկել է “Ֆոտոն” վարժարանից, որը նախորդ ուսումնական տարում  անցել է ԿԳՆ ենթակայության  տակ:

Նախարարը շրջել է դպրոցում, զրուցել աշակերտների ու մանկավարժների հետ, ծանոթացել խնդիրներին և արձանագրված արդյունքներին, որոնք այս վարժարանում տպավորիչ են՝ աշակերտները հանրապետական օլիմպիադաներում ապահովել են մրցանակային տեղեր: 700 աշակերտ ունեցող դպրոցում դասերը կազմակերպվում են 2 հերթափոխով, ինչը լրացուցիչ բարդություն է առաջացնում:

Նախարարը տեղեկացրել է, որ հաշվի առնելով խնդիրը՝ վարժարանին հատկացվել է նոր մասնաշենք, որը հնարավարություն կընձեռի դասերը կազմակերպել մեկ հերթափոխով: Քննարկման ընթացքում աշակերտներն ու մանկավարժները հարց են բարձրացրել՝ համակարգչային տեխնիկայով համալրելու հետ կապված: Նախարար Ա.Աշոտյանը  նշել է, որ  նախարարության կողմից  դպրոցն աջակցություն կստանա:

ՀՀ ԿԳ նախարարի հաջորդ կանգառը Գյումրու պետական բժշկական  քոլեջում էր,  որը նախկինում գործել է առողջապահության համակարգում: Քոլեջի ուսանողների ու  մանկավարժների հետ հանդիպման ժամանակ հարց է բարձրացվել բժշկական քոլեջը ԿԳՆ ենթակայության ներքո տեղափոխելու պատճառների վերաբերյալ:

Ի պատասխան՝  նախարար Ա. Աշոտյանը նշել է. “Կրթության համակարգում քաղաքականությունը պետք է միասնական լինի՝  սկսած  ուսանողների  իրավունքներից  մինչև կրթական ծրագրեր”: 

Քոլեջն ունի 650 սովորող, շենքը հին է և ունի վերանորոգման կարիք: Ուսանողները  որպես  խնդիրներ նշել են հայերենով  ուսումնական  գրականության պակասը և տեխնիկական սարքավորումների բարելավումը: 

Նախարար Ա. Աշոտյանն այցելել է Գյումրու արվեստի բուհեր  և հանդիպում ունեցել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի և  Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմերի հետ:

Արվեստի բուհերի ներկայացուցիչները մտահոգություններ են ներկայացրել նախարարին՝ բուհերի մասնաճյուղերի միավորման վերաբերյալ կառավարության կողմից մշակված նախագծի առնչությամբ: Հիմնականում շեշտվել է այն տեսակետը, որ բուհերն անընդունելի են համարում մասնաճյուղերի միավորումը:

ՀՀ ԿԳ նախարարը, անդրադառնալով Գյումրիում մշակույթի կամ  արվեստի համալսարան հիմնելու կառավարության մտադրությունը, նշել է, որ հիմնական նպատակը Գյումրին մշակութային մայրաքաղաք դարձնելու  ծրագրի իրականացումն է:

“Ես հասկանում եմ բոլոր մտահոգությունները, որոնք վերաբերում են նոր բուհի ստեղծմանը, սակայն կարծում եմ՝ կա հստակ թյուրընկալում: Որևէ բուհ Գյումրիում չի փակվում, որևէ ստեղծագործողի վտանգ չի սպառնում,  որևէ արվեստի մասնագիտության գոյությունը վտանգված չէ, նման մտադրություն չկա ու չի եղել:

Խոսքն ընդամենը բուհերի վերամիավորման մասին է, որը հնարավորություն կտա Գյումրիում ստեղծել ավելի հզոր ու մրցունակ  համալսարան: Հավատացնում եմ, որ նոր համալսարանի հիմնադրումը զուտ տնտեսական առումով պետության համար ավելի ծախսատար է, քան   արվեստի բուհերի մասնաճյուղերի պահպանումը:

Սակայն կառավարությունն այս պահին պատրաստ է գնալ այդ քայլին: Ժամանակակից կրթության զարգացման միտումները  ցույց են տալիս, որ փոքր բուհերն ու բուհերի մասնաճյուղերը չունեն ապագա:

Բուհերի խոշորացումն անխուսափելի գործընթաց է, որին վաղ թե ուշ, համոզված եմ,  մենք գնալու ենք՝ ավելի որակյալ բուհական կրթություն ապահովելու համար: Շատ կարևոր է, որ դուք՝ ուսանողներդ և դասախոսներդ հավատաք այդ նոր գաղափարին, որովհետև դուք եք լինելու այդ գաղափարի կրողն ու իրականացնողը:

Եթե դուք այդ գաղափարին չեք վստահում, մենք չենք կարող հաջողություն ունենալ: Չէի ուզենա տպավորություն թողնել, թե եկել եմ գյումրեցուն ինչ-որ  բան համոզելու: Իբրև կրթության և գիտության նախարար՝ հանձնարարություն եմ ստացել վարչապետից ՝տեղում ծանոթանալ իրավիճակին: Վստահ եղեք, որ ձեր մտահոգությունների ու կարծիքի հետ  կառավարությունն անպայման հաշվի է նստելու: Վստահեցնում եմ ձեզ, որ ընդդեմ գյումրեցու հավաքական կարծիքի՝ որևէ քայլ չի արվելու”,- հանդիպման ժամանակ նշել է Ա. Աշոտյանը:

ԿԳ նախարարի այս հայտարարությունը ներկաների կողմից ընդունվել է ոգևորությամբ և ծափերով: Այնուհետև նախարարը դիտել է Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների  ցուցահանդեսը:

ՀՀ ԿԳ նախարարի Շիրակի մարզ կատարած այցն ամփոփվել է մարզպետարանում՝  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ համատեղ կրթության հարցերին նվիրված խորհրդակցությամբ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ