Հետեւողականորեն ընդլայնվում է ԵԱՏՄ բազմակողմ համագործակցության ընդգրկումը. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։
Ելույթը ներկայացնում ենք ստորեւ.
«Եվրասիական տնտեսական խորհրդի հարգելի՛ անդամներ,
Նիստի հարգելի՛ մասնակիցներ,
Նախ եւ առաջ կցանկանայի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Պուտինին այսօրվա գագաթնաժողովի կազմակերպման եւ ջերմ ընդունելության համար: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ղրղզ գործընկերներին Եվրասիական միությունում Ղրղզստանի նախագահության համար:
Հարգելի՛ գործընկերներ,
Եվրասիական միության գրեթե եռամյա գործունեության ընթացքում բավականին մեծ ծավալի աշխատանքի է իրականացվել ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքների գործնական իրականացման մասով: Մշտապես լրացվում է իրավապայմանագրային բազան, արդեն իսկ սահմանված են Միության առաջնահերթությունները, իրականացվում է տնտեսության կարեւորագույն ոլորտներում քաղաքականության համատեղ կոորդինացիա, հետեւողականորեն ընդլայնվում է ԵԱՏՄ բազմակողմ համագործակցության ընդգրկումը:
Ընթացիկ տարվա առաջին 7 ամիսներին փոխադարձ առեւտրի ծավալի շուրջ 28 տոկոս աճ ունենք՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: 2017թ-ի հունվար-հուլիս ամիսներին, 2016թ-ի համապատասխան ժամանակահատվածի հետ համեմատ, Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ երկրների շուկա ապրանքների արտահանման 29 տոկոս աճ է գրանցվել: Երրորդ երկրների հետ անդամ պետությունների արտաքին առեւտրի ընդհանուր ծավալն աճել է ավելի քան 26 տոկոսով, եւ Վլադիմիր Պուտինը ներկայացրեց շատ թվեր, որոնք հաստատում են մեր ընդունած որոշման ճշմարտացիությունը: Այս միտումը պետք է ամրապնդել, ապահովել նրա կայուն բնույթը:
Դրա համար, մեր պատկերացմամբ, անհրաժեշտ է.
Առաջին հերթին շարունակել համատեղ աշխատանքը ոչ միայն առկա խոչընդոտներն ի հայտ բերելու, այլեւ վերացնելու ուղղությամբ, ապահովել առողջ մրցակցության միասնական կանոնների պայմաններում բիզնես վարելու համար անհրաժեշտ նախադրյալները: Պայմանագրային բազայի ընդլայնման ուղղությամբ աշխատանք տանելով՝ անհրաժեշտ է շեշտը դնել այն նորմատիվ ակտերի վրա, որոնց ընդունումից հետո մեր երկրների տնտեսվարող սուբյեկտները գործնականում կզգան դրանց ընդունման հիմնավորվածությունը:
Երկրորդ հերթին ակնկալում ենք, որ թվային օրակարգը պետք է նպաստի համագործակցության թափանցիկության առաջխաղացմանը, արտադրողականության բարձրացմանը, ծառայությունների որակի բարելավմանը: Կիսում ենք հարցի արդիականության մասին տեսակետը եւ կարծում ենք, որ այն պետք է լուծել՝ հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները. ծրագրերի տնտեսական հիմնավորվածության գնահատականները, մեր երկրների տնտեսությունների համար դրանց նշանակությունը եւ ինտեգրացիոն բաղադրիչները, Միության անդամ պետություններում նմանատիպ ծրագրերի իրականացման դրական փորձը, համաձայնեցված չափանիշների հավաքագրումը, որի հիման վրա կարելի է գնահատել ծրագրերի համապատասխանությունը անդամ պետությունների եւ, ընդհանուր առմամբ, Միության շահերին:
Կարծում եմ, որ թվային որոշումների մշակումը կարելի է սկսել էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչումից: Քանզի հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչումը առանցքային է մի շարք թվային նախաձեռնությունների համար, այդ թվում՝ վերահսկողության եւ էլեկտրոնային առեւտրի համար, առաջարկում եմ, որ պետությունների կառավարությունները Հանձնաժողովի հետ համատեղ հնարավորինս սեղմ ժամկետներում մշակեն այդ հարցը: Կարեւոր է նաեւ, որ թվային օրակարգով հետագա գործողությունները բիզնեսը զերծ պահեն վարչական եւ նոր ֆինանսական անհամաչափ հնարավոր ծանրաբեռնվածության աճից:
ԵԱՏՄ ամրապնդման եւս մեկ քայլը, եւ դա արդեն երրորդն է, միջազգային մակարդակում համագործակցությունն է: Ելնում ենք նրանից, որ ինչպես Միության, այնպես էլ առանձին պետությունների մակարդակներում, տարբեր ինտեգրացիոն կառույցների միջեւ համագործակցությունը, բնականաբար, մեր ստանձնած պարտավորությունների պահպանմամբ, կարող է իր կարեւոր ներդրումն ունենալ փոխլրացնող եւ փոխշահավետ, առանց բաժանարար գծերի տարածքի ձեւավորման գործում՝ ի շահ բոլոր պետությունների:
Գոհունակությամբ ենք նշում ԵԱՏՄ-Չինաստան առեւտրատնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունների սկզբունքային ավարտը: Դա հնարավոր դարձավ նաեւ Չինաստանի հետ մեր երկրների երկկողմ համագործակցության կուտակած փորձի շնորհիվ: Կարծում ենք, որ փոխգործակցության տվյալ ձեւաչափը պետք է նպաստի ամբողջ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության զարգացմանը, ինչպես նաեւ հավասարապես ԵԱՏՄ համագործակցությունն այս կամ այն ուղղությամբ պետք է հարստացնի մեր պետությունների երկկողմ հարաբերությունները:
Կարծում ենք, որ միասնական եվրասիական առեւտրատնտեսական տարածքի եւ տրանսպորտային միջանցքի ստեղծումը հնարավոր է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման միջոցով՝ միավորելով ԵԱՏՄ-ն «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության հետ՝ Միության բոլոր երկրների ներգրավմամբ: Դա թույլ կտա նվազագույնի հասցնել ինտեգրացիայի համար առկա ենթակառուցվածքային բոլոր սահմանափակումները, եւ, որպես հետեւանք, ձեւավորել տրանսպորտային ուղիների փոխկապակցված ցանց:
Կցանկանայի նաեւ հաստատել Իրանի հետ առաջիկայում համաձայնագրի ստորագրման տրամադրվածությունը, եւ ես վստահ եմ, որ դա մեր ընդհանուր մոտեցումն է: Հայաստանի վարչապետի կողմից՝ երեկ Իրան կատարած այցի ընթացքում, այս հարցին անդրադարձ է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ: Ես կարծում եմ, որ նրանք պատրաստ են շարունակել եւ ավարտել բանակցությունները առաջիկայում:
Վերջում կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ երեկ Հայաստանի Սահմանադրական դատարանը քննարկել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, եւ առաջիկայում փաստաթուղթը կուղարկվի խորհրդարան վավերացման: Հուսով ենք, որ հետագայում եւս մեր երկրներում բոլոր հարցերը լուծվելու են կառուցողական հունով՝ ի շահ մեր ժողովուրդների եւ ի բարգավաճում մեր երկրների:
Շնորհակալություն ուշադրության համար»: