Դատավոր Աննա Դանիբեկյանի արածի մեջ դիտավորություն կա. «Սարի թաղի» գործ
«Էրեբունու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը արդեն երկու դատական նիստ է հետաձգում: Այս ամենի մեջ ես դիտավորություն եմ տեսնում, քանի որ ես ամեն վայրկյան եմ հաշվում՝ հասկանալու համար, թե ամուսինս երբ վերջապես ազատ կարձակվի»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը:
Բերնեցյանը տարօրինակ է համարում, որ արդեն 1 տարուց ավելի կալանավորված մարդկանց գործը այսքան ձգձգվում է:
«Իմ ամուսինը առողջական խնդիրներ ունի: Նա արդեն չի կարողանում կալանքը կրի: Ընտանիքս հայտնվել է ծանր վիճակում:Ինձ վիրահատություն է հարկավոր, որը արժի 350 հազար դրամ: գոնե հասկանանք, թե մեզ ինչ է սպասում: Սպասելով մեռնում ենք, թող դատ անեն:Մենք պետք է իմանանք, թե տղաները ինչքան են նստելու, կամ չեն նստելու: Ես հետևել եմ՝ դատավոր Աննա Դանիբեկյանը ուրիշ դատերին չի բացակայում ու միայն մեր դեպքում է այդպես»,-նշեց Լալա Բերնեցյանը:
Նշենք, որ Լալա Բերնեցյանը փոքրիկ դուստր ունի, ամուսինը տան միակ կերակրողն էր:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: