«Արա»-ն վերաբերում էր դատարանին. փաստաբանը` դատախազին
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 6-ին շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան` Արայիկ Պապիկյանը միջնորդեց, որպեսզի տեսանկարահանումը կրկին թույլատրվի, միջնորդությանը միացավ Նինա Կարապետյանցը` նշելով, որ այս գործը տեսանկարահանելը արգելելը խայտառակություն է։
Մեղադրող Պետրոս Պետրոսյանը առարկեց : Դատախազը նկատեց, որ դատարանի կիրառված սահմանափակումը օրինաչափ է ։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը գտավ, որ տեսաձայնագրումը, հատկապես ուղիղ հեռարձակումը արգելելը իրավաչափ է եւ որոշումը բխում է արդարադատության շահերից։
Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը միջնորդությունը մերժեց։ Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց մեղադրող Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու մասին. «Նա նախորդ նիստին «արա»-ով է խոսել, անբարյացկամ վերաբերմունք դրսեւորել։ Այս դեպքում «արա»-ն վերաբերում էր դատարանին։ Ւսկ ամբաստանյալները հեռացել են դահլիճից ոտքի չկանգնելու համար, իսկ դատարանը դատախազի նկատմամբ կիրառում է նախազգուշական սանկցիա, պարզ է դառնում, որ դատարանի կիրառած սանկցիան ոչ հավասարաչափ է։ Դատախազի կողմից անհարգալից վերաբերմունք դրսեւորելը կրում է շարունակական բնույթ` դեռ նախաքննության շրջանում»։
Դատավորը հայտարարեց ընդմիջում` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։