03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

… Քո միակ ու աղոտ հույսը ես եմ մնում

Սիրո խոսք քաղաքին

Տարածությունը ամփոփվում է մեր աչքերի մեջ՝
և ժամանակը մեր կենսագրության չափով է դառնում.
մինչդեռ ծաղկատերև շղարշների տակ
փոթորկվում է մանրամասները անկորագիծ մարմնիդ`
որպես չգիտակցված գեղեցկությունը եկող ժամանակի.
վերադարձող քաղաք, արևավառ ու թխարյուն մուլատուհի,
և քեզ գիտենք մաս-մաս ու ամբողջական մերկություն:
Նախ մութուլույս մեր հիշողությունն է քո մեջ,
թափառական ու անտանիք գիշերները քնահարամ.
մենք երկար ենք փնտրել, մեր կորցրածի մեջ 
քաղաքներ կան և շատ ժամանակ,
մինչև հասկացել ենք, որ գրկի մեջ արտասվելու աղջիկը դու ես, 
զգացմունքների քաղաք, թխարյուն կրծքերով արևելուհի:
Մեր դիմանկարն ես խնամքով փայփայում`
չկորցնելով գիծն ու կորը, աղվամազն անգամ,
որոնց վաղուց մոռացել ենք մենք,
մեր միշտ երազն է քո մեջ, 
որպես ապագայի հիշողություն,
որ ամեն անգամ ետ նայելիս գտնում ենք նորից:
Մենք քո պոետն ենք, դու ներշնչանքը մեր,
և Բաբելոնի սիրահարված զինվորի նման
ինչպես հազար ու էլի շատ տարի առաջ,
մեր խռովքն ենք բանաստեղծորեն գրում քո պատին,
որ ընթերցեն խոստովանությունն այդ 
մյուս ու բոլոր հազար տարիներին.
«Երևանը մեծ քաղաք է,
բայց մենակ եմ ես, որովհետև դո՛ւ ինձ հետ չես”:

Էգ քաղաք

Քեզ ցողի սարսուռն է հարմար գալիս որպես հոմանիշ.
արթնանում ես հրեշտակ
և առավոտյան զանգերի կանչին հնազանդ,
մտնում եկեղեցի ու ձեռքդ սրտիդ դրած` պատարագ լսում
և Աստծո տեսքը աչքերիդ մեջ` դուրս գալիս փողոց, 
մեղքերիդ թողություն տված, քաղաք:
Կեսօրից հետո քո աղոթատեղին սրճարանն է ,
ուր երկար բամբասում ես մի բաժակ սուրճի կամ կիտրոնով օղու շուրջ
և չարչրկված բախտդ երկար տալ ու առնելուց կորցրած`
մտնում ես այգի ու կիսախում նիրհով ճեմում`
կաթիլ-կաթիլ արտասվելով աչքերիդ մեջ պահած աստծուն:
Իրիկվա առաջին ժամերին անողորմ դիպուկահար ես.
զոհիդ ընտրում ես գրպանիդ մանրամասն հաշվարկով
և գործդ անում խնամված ու առանց պոչ թողնելու:
Հարցեր լուծող տղա ես` դռանը հաչող շան նման,
վնգստում ես ու վրա տալիս` քանի դեռ կապդ չեն ձգել:
Կեսգիշերից հետո` էլ ի՞նչ քաղաք, ի՜նչ հարազատ տուն,
«խաղ չկան» լխկած թշերիդ` հաստ վզով լակած իշխանություն ես, 
գիշերային ակումբների առյուծ` թաթիդ տակ երկրագունդը ճզմող,
մինչև խաղատնից` առանց քոռ լումայի, խեղճ ու ողորմելի փախ կտաս:
Քո անինքնասեր քրոջ` Բաբելոնի արձագանքն ես, է՛գ քաղաք,
և մենք իրար հասկանում ենք գիշերային անբառ լեզվով.
լուսաբացին մոտ քո միակ ու աղոտ հույսը ես եմ մնում,
երբ հեկեկում ես պոետի վտիտ թևերի մեջ`
մարմնիդ վերջին փշրանքը վստահելով հենց նրա խղճին,
իսկ առավոտվա քո աստծուց անգամ հետք չի մնացել
արցունքիդ դառը կաթիլի մեջ:

 

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ