ԱՄՆ-ն Ղարաբաղի հարցում սկսում է Հայաստանից. Ժամանակ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային հերթական այցը հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն Սարգսյան-Ալիեւ հանդիպման նախապատրաստության տեսանկյունից, այլ նաեւ այն առումով, որ այցը առաջինն է Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ էնդրյու Շեֆերի համար։ Այս առումով բավական ուշագրավ էր Հայաստանում ՍԱՆ դեսպանատան հաղորդագրությունը այցի մասին, որտեղ նշվում էր դրա ճանաչողական բնույթը։
Հաղորդագրության մեջ ասվում էր, որ Շեֆերը «նաեւ» մյուս համանախագահների հետ հանդիպում կունենա Հայաստանի ղեկավարների հետ։ Այսինքն՝ սա նշանակում է, որ Շեֆերը ունենալու է, այսպես ասած, առանձին ծրագիր էլ։
Ամերիկացի համանախագահի գործունեության մեկնարկն, իհարկե, կարեւոր է՝ նկատի ունենալով այն, ինչ ասել էր նախորդ համանախագահ Հոգլանդը հեռանալուց մի քանի շաբաթ առաջ: Նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կակտիվացնի իր
քաղաքականությունը ղարաբաղյան խնդրի ուղղությամբ, պարզապես դա պետք է սպասել առաջիկա ամիսներին, վարչակազմի ամբողջական արտաքին քաղաքական մոտեցումների ձեւավորումից հետո։
Օրերս էլ ԱՄՆ Սենատը հաստատեց պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականին։ Այդ պաշտոնը զբաղեցրեց, այսպես ասած, ակտիվ ատլանտիստ Ուես Միթչելը։ Դա, ըստ էության, երկրորդ պաշտոնն է Պետքարտուղարությունում, եւ այն ներառում է նաեւ ուղղություն, որի վրա տեղակայված է ղարաբաղյան խնդիրը։ Այդպիսով, ներկայումս հնարավոր է խոսել այն մասին, որ ԱՄՆ-ն ձեւավորում է այդ առանցքային ուղղության վրա իր քաղաքականությունը, եւ ըստ այդմ՝ հարց է առաջ գալիս, թե դրանում ինչ տեղ ու նշանակություն է ունենալու ղարաբաղյան խնդիիը։ Կա տեսակետ, որ այն ԱՄՆ հատկապես նոր վարչակարգի համար կարեւոր չէ, եւ խնդիրը կհանձնեն Ռուսաստանի տնօրինությանը, ինչը վատ է Հայաստանի համար։
Մյուս կողմից՝ կարեւորությունն ամենեւին չի արտահայտվում միայն, այսպես ասած, կարգավորման ակտիվ ջանքերով եւ կարող է լինել լրիվ հակառակը՝ ԱՄՆ համար կարեւոր լինի Կովկասում կայունությունը, ինչը պահանջում է հենց Ռուսաստանի կարգավորման պլանների ակտիվ հակազդեցություն։
Գործնականում, Պետքարտուղարության կարեւոր, երկրորդ պաշտոնին երիտասարդ ատլանտիստ Միթչելի նշանակումը հուշում է, որ Կովկասում ԱՄՆ-ն հետապնդելու է հենց այդ խնդիրը, քանի որ հնարավոր չէ այլ կերպ ապահովել ատլանտյան անվտանգությունը, եթե այն չի ապահովագրված հենց Կովկասում։ Իսկ Կովկասում ատլանտյան ապահովագրության լավագույն գոտին, արդյունավետ, հարաբերականորեն հուսալի գոտին այն է, որը ներկայումս պահում է հայկական կողմը։