Խոր Վիրապում չինուհու են բռնաբարել
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Ավշար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Խաչիկ Տերտերյանը։ Նա կասկածվում է բռնաբարության մեջ:
shamshyan.com-ի փոխանցմամբ, նա կասկածվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուհի՝ 30-ամյա Յու Լուն Չունին Խոր Վիրապում բռնաբարելու մեջ։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 1-ին, կեսօրին, Խ. Տերտերյանը Փոքր Վեդի գյուղի տարածքում գտնվող Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից Երեւան տանելու նպատակով իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Յու Լուն Չունին տարել է Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Վայրի կենդանիների փրկարարական կենտրոն» կոչվող տարածք, որտեղ էլ փորձել է բռնի ուժով, հակառակ Յու Լուն Չունի կամքին սեռական հարաբերություններ ունենալ։ Չինաստանի քաղաքացուհին երեկ՝ հոկտեմբերի 2-ին, դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն եւ բժիշկներին հայտնել է, որ իրեն բռնաբարել են։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։