Արթուրը խոսել է ժամանակավոր կառավարման ձևավորման մասին. վկան մանրամասնեց
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը:
Այսօրվա դատակամ նիստում ցուցմունք տվեց վկա Իշխան Քիշմիրյանը :
Սկզբում վկան նշեց, որ ճանաչում է ամբաստանյալներ Արա Պողոսյանին և Արթուր Վարդանյանին:
Վկայի խոսքով՝ 2015 թվականի մայիսին նա ծանոթացել է Արա Պողոսյանի հետ, որը առաջարկել է համագործակցություն:
«Մենք խոսել ենք հեռուստանախագծի մասին, որը Արթուր Վարդանյանը պետք է ֆինանսավորեր: Նա պետք է ֆինանսավորեր նաև ֆիլմի նկարահանումը: Նախագիծը կոչվում էր «Երիտասարդ դիվանագետ»: Կար սցենար, ըստ որի հին պայմանագրերի մասին ինֆորմացիոն բնույթի ֆիլմ պետք է նկարահանվեր՝ Արցախում, Արևմտյան Հայաստանում և բոլոր այն վայրերում, որտեղ մինչև 1918 թվականը պայմագրեր են կնքվել»,-նշեց Իշխան Քիշմիրյանը:
Վկան հայտնեց, որ Արթուր Վարդանյանի հետ հանդիպել է բազմաթիվ անգամ: Հանդիպել են հասարակական վայրերում: Այդ ընթացքում ծանոթացել է Ապարի հետ: Քիշմիրյանի խոսքով՝ Արթուր Վարդանյանը իշխանություններից դժգոհել է և նշել, որ պետք է ներկայացնել Արցախը Հայաստանին միացնելու պահանջ:
«Արթուրը ասել է, որ իշխանությունները հիմնականում արտասահմանում զբաղվում են կոռուպցիայով և դիվանագիտություը չի գործում»,-ընդգծեց վկան:
Վերջին անգամ Արթուր Վարդանյանի հետ հանդիպել են «Կովկաս» ռեստորանում, երբ ինքը հասկացել է , որ պռոեկտը ֆինանսավորում չունի: Այդ օրը խոսակցությանը մասնակցել են Արթուր Վարդանյանը, Ապարը, Արա Պողոսյանը:
Պատասխանելով դատախազի հարցին վկան նշեց, որ արյան գնով իշխանության հասնելու խոսակցություն չի եղել: Եղել է ժամանակավոր կառավարություն ձևավորելու մասին խոսակցություն: Ինքը Հայր Անտոնին տեսել է մեկ անգամ, նկարիչների միության շենքում: Խոսել են դիվանագետների ակումբի ստեղծման մասին:
Դատախազը հարցրեց՝ Իշխանության գալու դեպքում Ձեզ ի՞նչ պաշտոն էին տալու:
«Չենք խոստացել այդ թեմայով»:
Վկան հայտնեց, որ 37 երկրների հետ Արթուր վարդանյանը պատրաստվում էր հակաահաբեկչական կոալիցիա կազմել, որի միջոցով պայքարելու էին Սիրիայում խաղաղություն հաստատելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):