Մատուցողի էլ բերեք, որ վկայի. «Զինված խմբի» ղեկավարը հունից դուրս եկավ
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը:
Ցուցմունք տալու համար դահլիճ հրավիրվեց վկա Տիգրան Սարգսյանը: Վկան սկզբում հայտնեց, որ ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչում: Հետո նշեց, որ աշխատանքի բերումով ճանաչում է Արմանին, որովհետև միասին աշխատել են հանրային հեռուստաընկերությունում: Ինքը ծառայություն է իրականացնում գլխավոր մուտքի մոտ:
Վկան ընգծեց, որ Արման Հայրապետյանին հիշում է, բայց չի հիշում, որ Արմանը 2017 թվականի նոյեմբերի 14-ին իր հետ հեռուստաընկերություն բերած լինի որևէ կնոջ: Վկան չբացառեց, որ Արմանը կարող էր մարդ ներս բերել մեքենայի մեջ թաքցրած:
Պատասխանելով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի հարցերին վկան հայտարարեց, որ ինքը ոչնինչ չգիտի, այդ օրը հերթապահել է և ոչինչ չի նկատել:
Արթուր Վարդանյանը զայրացած արձագանքեց.«Կարող են մատուցողի էլ բերել, որ վկայի, որ իրենց օբյեկտում օրը հարյուր անգամ հաց եմ կերել, Ձեր վկայությունը ի՞նչ իմաստ ունի»:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:
Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):