Ավելի քան ծիծաղելի է
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու բարեփոխումներն ամենաերկարատև ու մանրամասն քննարկված քաղաքականության ոլորտն են: Այս հարցը քննարկվել է ավելի քան տասը տարի: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հասարակական անհանգստության ալիք բարձրացրած այս հարցին:
Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ այս համակարգի ներդրումը երկրի զարգացման համար կարևոր նշանակություն է ունենալու: Նշենք, որ Կենսաթոշակային նոր համակարգով, որ կիրառվելու է 2014-ի հունվարի մեկից, 1974 թ-ից հետո ծնվածները իրենք են կուտակելու իրենց կենսաթոշակը:
Ամեն ամիս աշխատավարձի 5 տոկոսը փոխանցվելու է պետության կողմից լիցենզավորված կուտակային կենսաթոշակային հիմնադրամներում բացված քաղաքացու անհատական հաշվին, պետությունն էլ իր հերթին ավելացնելու է փոխանցված գումարին հավասար գումար: Հիմնադրամները գումարները ներդնելու են արժեթղթերի շուկայում:
Այս համակարգի ընդդիմախոսները նշում են, որ նախ կա տարիքային խտրականության խնդիր և բացի այդ, այն համասահմանադրական է: Մեղադրանքների վերաբերյալ Գաբրիելյանը նշեց. ՛՛Բացարաձակապես անհիմն են մեղադրանքները, եթե այս բարեփոխումները շատ երկարատաև քննարկումներ չանցնեին, չքննարկվեին հենց ԱԺ-ում, միգուցե հիմք կլիներ նրանց նորից անդրադառնալու, իսկ հակասահմանադրականության վերաբերյալ ավելի քան ծիծաղելի է: Նրանք, ովքեր դժգոհ են, շարունակելու են դժգոհել՛՛:
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հավելեց, որ այս գումարը քաղաքացին կարող է տնօրինել արդեն 63 տարեկանում, իսկ եթե նա դա չկարողանա անել, գումարը կանցնի ժառանգներին:
Տարիքային խտրականության հետ կապված Սարգսյանը շեշտեց, որ ընտրվել է 1974 թ-ից հետոյի շեմը, քանի որ հաշվարկները ցույց են տվել, որ այդ դեպքում կենսաթոշակն ավելի քիչ գումար է կազմում: ՛՛Այն երկրները, որտեղ ծերացման խնդիր կա, այսօրվա համակարգից անցնում են կուտակայինի, պետությունը երաշխավորում է մինիմում թոշակը, բայց եթե արժանավայել ու ապահով ծերություն ես ուզում ունենալ, այսինքն՝ այն եկամուտը, որ քո կյանքում ունեցել ես, դրա մինիմում քառասուն տոկոսի չափով փոխանցվում է: Սա անխուսափելի է, հակառակ պարագայում 30-40 տարի լինելու է այնպես, ինչպես հիմա է, լինելու է կեսաթոշակ, որ չի ապահովելու քաղաքացուն՛՛,-հավելեց ֆինանսների նախարարը:
՛՛Կառավարությունը հեշտ ու հանգիստ այս որոշումն ընդունել է՛՛,-աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց: