Անդրիաս Ղուկասյանի գործով դատարան կհրավիրվեն Եղիշե Պետրոսյանն ու Լևոն Բարսեղյանը
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի դատաքննությունը:
Անդրիաս Ղուկասյանը այսօր միջնորդել է որպես վկա հարցաքննության հրավիրել Եղիշե Պետրոսյանին եւ Լեւոն Բարսեղյանին:
Անդրիաս Ղուկասյանը նշել է , որ վկա Արտակ Մկրտչյանը 2016թ. նոյեմբերի 11-ին իր դեմ ցուցմունք է տվել՝ հայտարարելով, թե ինքը կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել ոստիկաններին հարվածելու համար, մինչդեռ կա տեսագրություն իր ամբողջ շարժի, որն ապացուցում է՝ ինքը նման կոչ չի արել:
«Ազատության հրապարակում ինձ հետ եղել են Եղիշե Պետրոսյանը, Լեւոն Բարսեղյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը: Ելույթներից հետո մենք իջել ենք եւ շարժվել մարդկանց միջով, իմ շարժի տեսագրությունն առկա է, մինչդեռ այն կցված է գործին, բայց որպես ապացույց չի հետազոտվել: Ես միջնորդում եմ դատակոչի ենթակա անձանց ցանկը լրացնել եւ հարցաքննության հրավիրել Եղիշե Պետրոսյանին եւ Լեւոն Բարսեղյանին, բացի դրանից, որպես ապացույց հետազոտել իմ շարժի ուղղությունը տեսագրությունը»,- ասել է Անդրիաս Ղուկասյանը:
Մեղադրող Պետրոս Պետրոսյանը նշել է , որ չի առարկում հարցաքննության հրավիրել Եղիշե Պետրոսյանին եւ Լեւոն Բարսեղյանին: Անդրադառնալով տեսագրությունը հետազոտելու վերաբերյալ միջնորդությանը՝ Պետրոսյանն այն որակեց հիմնազուրկ՝ պատճառաբանելով, որ ցանկացած տեսագրություն, փաստաթուղթ դատարանում հետազոտվելու է՝ անկախ այս միջնորդությունից: Դատավորը նույնպես համաձայնվեց մեղադրողի հետ՝ տեսագրությունը հետազոտելու մասին միջնորդությունը որակելով հիմնազուրկ:
«Ինչ վերաբերում է վկաների վերաբերյալ միջնորդությանը, այն բավարարում ենք եւ դատակոչի ենթակա անձանց ցանկում լրացում կանենք»,- ասաց դատավորը:
Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած , ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: